Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ը հետաքննություն է տանում այն մասին, մասնակի՞ց է Ռուսաստանը Սիրիայի ռազմաօդային ուժերի քիմհարձակմանը Իդլիբի խաղաղ բնակչության դեմ, հայտնում է Associated Press-ը:
Գերատեսչության պաշտոնյայի խոսքերով` Ռուսաստանը չի կարողացել վերահսկել սիրիական կառավարության գործողությունները, որն հանգեցրել է այն բանին, որ Բաշար Ասադի ռեժիմը կիրառել է քիմիական զենք:
Համաձայն ԱՄՆ չանվանված պաշտոնյաների տեղեկատվության` Ռուսաստանին կամ Սիրիային պատկանող անօդաչուն ապրիլի 4-ին տեղի ունեցածից հետո թռչել է քիմհարձակման վայրի վրայով:
Ընդ որում, անօդաչուն կրկին վերադարձել է դեպքի վայր, արդեն երբ խաղաղ բնակիչները դեպքի վայրից սկսել են հիվանդանոց գնալ օգնություն ստանալու համար:
Պաշտոնյան նշել է, որ դրանից անմիջապես հետո հիվանդանոցի վրա ավիահարվածներ են հասցրել: Նրանց կարծիքով՝ այդպիսի գործողությունները կարող են ուղղված լինել այն բանին, որ թաքցնեն քիմհարձակման ապացույցները:
Նախնական տվյալներով` ապրիլի 4-ին Իդլիբի շրջանի Հան-Շեյհուն քաղաքում Սիրիայի ռազմաօդային ուժերը քիմիական հարձակում են իրականացրել, որի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ: Վերջին տվյալների համաձայն` զոհվել է ոչ պակաս 100 մարդ, հարյուրավորներ էլ տուժել են:
Սիրիայի իշխանությունները ժխտում են քիմհարձակմանը իրենց մասնակցությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբում ահաբեկիչների պահեստին, իսկ նրա տարածքում գտնվում են թունավոր նյութերի արտադրամասեր:









































