Հուլիսի 25-ին ՀՀ կառավարությունը 857-ն որոշմամբ առողջապահության նախարարության Հիգիենիկ և համաճարակային պետական տեսչությունը միավորեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության հետ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ նոր կառույցը կոչվելու է ՀՀ առողջապահական պետական տեսչություն, որի կառավարումը կիրականացնի առողջապահության նախարարը:
Սա տեսչությունների խոշորացման ծրագրի մի մասն է, որը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ կրճատումներ են սպասվում: 2 համակարգերի աշխատակիցները չեն հասկանում, թե ինչ կապ ունեն այս 2 տեսչություններն իրար հետ: Չէ՞ որ իրականացնում են խիստ տարբեր գործառույթներ: Աշխատանքի տեսչությունում մասնավորապես կարծում են, որ սրանով լուծարվում է տեսչությունը, որը միակ հիմնարկն էր, որ զբաղված էր «հասարակ աշխատողի շահերը պաշտպանելով»: Մինչդեռ տեսչության գործառույթներն ամրագրված էին միջազգային կոնվենցիաներով: Տեսուչները կարծում են, որ կառույցը խանգարում էր գործատուներին, որոնց մեջ քիչ չեն կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, ովքեր ստրկացնում են հասարակ քաղաքացիներին և նորմալ չեն վարձատրում: Եվ մի կարևոր փաստ. ՀՀ-ն Եվրոպայից մոտ 72 միլիոն եվրո է ստացել` տեսչական բարեփոխումների համար, իսկ գործընթացն արագացնելը կօգնի գումարի փոշիացմանը:





































