Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արմեն Գրիգորյանի և Էդվարդ Գալստյանի գործի դատավարությունը:
Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը. Արմեն Գրիգորյանը հրաձգային գումարտակի դասակի հրամանատար է եղել, կոչումով՝ կապիտան:
2012 թվականի ապրիլի 23-ից նա նշանակված է եղել մարտական հերթապահության՝ որպես դիրքի ավագ:
Ապրիլի 25-ին, ժամը 16-ն անց 30-ին Գրիգորյանը դիրքի անձնակազմի ներկայությամբ անպարկեշտ ձևով ստորացրել է իր ենթակա, ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Նիկողոսյանի պատիվն ու արժանապատվությունը՝ զինծառայողների շրջանում նվաստացնող համարվող հայհոյանք տալով նրան:
Այնուհետև, ապրիլի 27-ին, ժամը 19-ն անց 20-ի սահմաններում դիտորդներ Նիկողոսյանի և Հովհաննիսյանի կողմից կեղծ տագնապ տալու պատճառով, կարգապահական իրավունք կիրառելու փոխարեն, խախտելով Ներքին ծառայության կանոնագրքի պահանջները, Գրիգորյանը ծեծի է ենթարկել Հովհաննիսյանին, ապա կարգադրել է դիտորդներ, շարքայիններ Հովհաննիսյանին ու Նիկողոսյանին, որպես տույժ, դիտորդի պարտականությունները կատարել ուսապարկերով, ընդ որում՝ ուսապարկերի մեջ պետք է երկուական շինաքար դնեին:
Հովհաննիսյանը կատարել է Գրիգորյանի ապօրինի կարգադրությունը, իսկ Նիկողոսյանն ասել է, թե մեջքը ցավում է: Նա նեղված ու վիրավորված է եղել:
Ըստ դատական ակտի՝ Հովհաննես Նիկողոսյանը, չդիմանալով կոպիտ հայհոյանքի ձևով պիտակ կրելուն, ստորացուցիչ այլ հանգամանքներին՝ նույն օրը՝ ապրիլի 27-ին, ժամը 19-ն անց 45-ին խրամատում դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ իրեն ամրակցված ինքնաձիգից իր ստորին կզակային շրջանում մեկ կրակոց է արձակել ու ինքնասպան եղել:
Դատարանը հաստատված է գնահատել, որ Գրիգորյանի կողմից պաշտոնեական լիազորությունների սահմաններն անցնելն Է անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանք՝ ինքնասպան է եղել զինվորը:
Սակայն Հովհաննես Նիկողոսյանի բանակային կյանքը «թունավորել» է ոչ միայն Արմեն Գրիգորյանը:
Նիկողոսյանի համածառայող, շարքային Էդվարդ Գալստյանը, ըստ դատական ակտի, ապրիլի 25-ին ճաշը քիչ պատրաստելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նույն դիրքում հերթապահության նշանակված ու միաժամանակ խոհարարի պարտականությունները կատարող Հովհաննես Նիկողոսյանի հետ, համածառայողների ներկայությամբ անպարկեշտ կերպով ստորացրել է վերջինիս պատիվն ու արժանապատվությունը և հայհոյանք տվել նրան:
Նույն օրը, ուշ երեկոյան Գալստյանը Հովհաննես Նիկողոսյանին շահագործելու նպատակով կամայական ձևով պահանջել է, որ նա գնա ու իր ձմեռային բաճկոնը գետնատնակ բերի:
Հովհաննեսը մերժել է:
Գալստյանն անցել է իր «նախընտրած մեթոդին» ու հայհոյանքներ տվել ծառայակցին:
Հաջորդ օրը Էդվարդ Գալստյանը նորից քիչ ճաշ եփելու պատճառով վիճաբանել է Նիկողոսյանի հետ ու շարունակել հայհոյանքներ տալ:
Նույն օրը, ուշ երեկոյան Էդվարդ Գալստյանը հանգստացող հերթափոխում գտնվող Նիկողոսյանին կոպիտ, վիրավորական ձևով արթնացնելու հետ կապված՝ վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, նրան կանչել առանձնազրույցի և դիրքի զուգարան տանող ճանապարհին բռունցքով հարվածներ է հասցրել Նիկողոսյանի կրծքավանդակին:
Այս դրվագից հետո Նիկողոսյանն ապրել է ոչ լրիվ մեկ օր…
Դատարանը եզրահանգել է, որ Էդվարդ Գալստյանի կողմից կանոնագրքային կանոնները խախտելը, համածառայողի նկատմամբ կոպիտ վերաբերմունք ու բռնություն գործադրելը առաջացրել են ծանր հետևանք:
Ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և պնդել է որպես կասկածյալ տված իր ցուցմունքը:
Նա հայտնել էր, թե ապրիլի 25-ին ինքը ստուգել է մարտական հաշվարկը: Զինվորներին բացատրել է ամեն մեկի տեղը, բայց երբ հասել է Հովհաննես Նիկողոսյանի հերթը, չգիտես թե ինչու, վիրավորական խոսք է ասել նրան: Շարքային Էդվարդ Գալստյանը ծիծաղել է: Ինքը Նիկողոսյանից ներողություն է խնդրել:
Այնուհետև շարքային Գալստյանը ճաշը քիչ պատրաստելու պատճառով վիճել է Նիկողոսյանի հետ:
Ժամը 19-ն անց 15-ին ինքը լսել է ազդանշանի լարի ձայնը, որը նշանակել է՝ տագնապ: Մոտեցել է շարքային Հովհաննիսյանն ու ասել, թե շտաբի պետը եկել է մարտական դիրքը ստուգելու: Ինքը շարել է ջոկը, հագել կիսաճտքավոր կոշիկներն ու սպասել:
Բայց շուտով հասկացել է, որ կատակ են արել:
Բարկացել է շարքայիններ Հովհաննիսյանի ու Նիկողոսյանի վրա, հանձնարարել, որպես տույժ, որ հագնեն ուսապարկերը, մեջը դնեն երկուական շինաքար ու այդպես իրականացնեն մարտական հերթապահությունը:
Նիկողոսյանը խնդրել է, որ շինաքար չդնի իր ուսապարկի մեջ, որովհետև մեջքը ցավում է:
Քիչ անց լսվել է կրակոցի ձայն: Ինքը գնացել է դրա ուղղությամբ ու տեսել, որ Նիկողոսյանն ընկած է մեջքի վրա…
Էդվարդ Գալստյանը ևս դատարանում հրաժարվել է ցուցմունք տալուց ու պնդել է որպես կասկածյալ տված իր ցուցմունքը:
Տուժողի իրավահաջորդը՝ Հովհաննես Նիկողոսյանի հայրն ասել է, որ զավակը զորակոչվել էր 2010 թվականին: Նա արդեն մեկուկես տարի ծառայել էր, պետք է 10 օր արձակուրդ տային: Մինչև դեպքը որդին ծառայությունից չէր դժգոհել…
Ընդհանուր իրավասության դատարանը զինվորին ինքնասպանության հասցնելու համար մեղավոր է ճանաչել Արմեն Գրիգորյանին ու Էդվարդ Գալստյանին:
Արմեն Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 5 տարի ազատազրկումը, իսկ Էդվարդ Գալստյանի նկատմամբ՝ 4 տարի 2 ամիս ազատազրկումը:











































