Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այսօր Հայաստանին բացառել է այն երկրների ցանկից, որոնց հետ Եվրամիությունը հույս ունի վավերացնել Ասոցացման համաձայնագիրը Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովին, որը կկայանա նոյեմբերին՝ Վիլնյուսում: Այս մասին հաղորդում է REGNUM-ը:
Նախագահն ուղիղ կերպով չի ասել, որ ԵՄ-ը Հայաստանի հետ այլևս ոչ մի հույս չի կապում, սակայն դա բխում է նրա ուղերձի կոնտեքստից՝ ուղղված Եվրամիության միջազգային հարցերի և անվտանգության քաղաքականության միջխորհրդարանական համաժողովի մասնակիցներին, որն անցկացվում է Լիտվայի խորհրդարանում:
Տեքստում նախագահը զգալի ուշադրություն է դարձնում Արևելյան գործընկերության նախագծին, սակայն երկրների ցուցակում, որոնց հետ Գրիբասկուայտեի կարծիքով՝ ԵՄ-ը պետք է վավերացնի կամ ստորագրի Ասոցացման համաձայնագիր, Հայաստանն այլևս չկա: Հայաստանը՝ որպես երկիր, ընդհանրապես հիշատակված չէ նախագահի ուղերձում:
«Հարգելիներս, Եվրոպական միությունը յուրատեսակ նախագիծ է: Ոչ մի ուրիշ կազմակերպություն չունի քաղաքական, առևտրային, տնտեսական և սոցիալական գործիքների նման բազմազանություն՝ ժողովրդավարության զարգացման և քաղաքական կայունության ապահովման համար: ԵՄ-ին հաճախ կոչում են մեղմ ուժ, սակայն այդ մեղմ ուժի ազդեցությունը մենք հաճախ թերագնահատում ենք: Այդ պատճառով ես համոզված եմ, որ նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև դրա վավերացումը Մոլդովայի և Վրաստանի հետ, ոչ միայն կխրախուսեն ավելի սերտ առևտրային և տնտեսական հարաբերություններ, այլ նաև կստեղծեն զարգացող եվրոպական մայրցամաք: Դա կդառնա նաև Եվրոպայի հուսալիության ստուգում, Եվրոպայի՝ ճիշտ որոշումներ կայացնելու ունակության ապացույց: Եվրոպան և Արևելյան գործընկերներն այսօր այս ամենի կարիքն ունեն»,- ասել է Լիտվայի նախագահը:








































