Հայաստանի կառավարության անդամներն ակնհայտ նյարդային վիճակում են: Բանը հասել է նույնիսկ այնտեղ, որ սովորաբար հանդարտ և ինքնատիրապետումը չկորցնող ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն է կառավարության դիմաց բողոքող քաղաքացուն «ոչխար» անվանել: Ոչ նման բառապաշարով, սակայն բավական նյարդային դրսևորումներ են ցուցաբերել նաև այլ նախարարներ ու փոխնախարարներ: Իսկ քաղաքացիներն ու լրագրողները ընդամենը վերաբերմունք և հարցադրումներ են հայտնել Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշման մասին:
Կառավարության անդամների նյարդային վիճակը հուշում է, որ այդ որոշումը բավական լարված իրավիճակ է առաջացրել իշխանության ներսում: Այս իրավիճակը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները լավ են պատկերացնում այն ամոթն ու խայտառակությունը, որ առաջանում են նման կտրուկ շրջադարձից հետո: Միևնույն ժամանակ, սակայն, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին ամոթն ու խայտառակությունը, որ նրանք կունենան հասարակության առաջ, երբեք էլ առանձնապես չեն մտահոգել: Եվ ուրեմն նյարդային այս վիճակը պայմանավորված է, ամենայն հավանականությամբ, լիովին այլ իրողություններով, որ իշխանության ներսում ձևավորվել են Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից հետո:
Չի բացառվում, որ այս իրողությունները պայմանավորված են Հայաստանի և Արևմուտքի միջև առաջացած խնդիրներով և ինչ-որ քայլերի անհրաժեշտության սրացմամբ, որոնցով Սերժ Սարգսյանը գուցե թե փորձելու է սիրաշահել Ռուսաստանի առաջ նրա խայտառակ կապիտուլյացիայից դժգոհ արևմտյան կենտրոններին: Բոլոր դեպքերում՝ իշխանության մեջ առկա նյարդայնությունը հասարակության առաջ պատասխանատվության պատճառով այդչափ չէր աճի: Այստեղ ակնհայտորեն կան ներքին լուրջ պատճառներ:
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները իշխանական համակարգի ներսում՝ ցույց կտա ժամանակը, առավել ևս, որ Սերժ Սարգսյանը արդեն իսկ տվել է մի շատ կարևոր առանցքային գործընթացի՝ սահմանադրական փոփոխությունների մեկնարկ: Սա նշանակում է ներիշխանական ստատուս-քվոյի փոփոխության գործընթաց, որը Հայաստանի պարագայում, բնականաբար, միշտ էլ շատ անկանխատեսելի է, քանի որ առավելապես ենթակա է արտաքին ազդեցությունների:
Վերջիվերջո նախարարները և գերատեսչությունների ղեկավարներն էլ տեսան, թե ինչպես Սերժ Սարգսյանը կարող է ոչ միայն հասարակությունից, այլև իրենցից գաղտնի կայացնել ճակատագրական որոշումներ՝ 180 աստիճան շրջադարձով: Բնական է, որ նման պարագայում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի կարող իրեն ապահով զգալ նման նախագահի ղեկավարման ներքո: Իսկ այն, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կորցնելու շատ բան ունեն՝ բոլորին է հայտնի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































