ԱՄՆ իշխանությունները պատիժ չեն սահմանի հայտնի հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդի դեմ այն բանի համար, որ նրա ինքնաթիռը վթարային իրավիճակ էր ստեղծել օդում և հազիվ խուսափել Կալիֆորնիայում վայրէջքի պատրաստվելիս ուղևորատար ինքնաթիռի մեջ մխրճվելուց։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով Ֆորդի փաստաբանին։
Դեպքը տեղի էր ունեցել փետրվարին։ Ավիադիսպետչերներն ասել էին Ֆորդին, որպեսզի նա ինքնաթիռն իջեցնի Օրինջ շրջանի Ջոն Ուեյնի օդանավակայանի թռիչքավայրէջային ուղու վրա, սակայն դերասանը սխալմամբ ուղևորվել էր վազքուղու կողմն ու հայտնվել American Airlines-ի՝ 110 ուղևորով ինքնաթիռի վրա։ Ավելի ուշ ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը հրապարակել էր դերասանի բանակցությունների ձայնագրությունը, որի ընթացքում նա ինքն իրեն «հիմար» է անվանել։
Ֆորդի փաստաբան Ստիվեն Հոֆերն ասել է, որ դերասանի գործը փակված է։ Վարչությունը լիարժեք հետաքննություն է անցկացրել, ներառալ հարցազրույցում Ֆորդի հետ, և եզրակացրել, որ որևէ վարչական կամ հարկադիր միջոցառումները չունեն հիմնավորում։ Հաղորդվում է, որ Ֆորդը կարող է շարունակել օգտագործել օդաչուի իր լիցենզիան առանց սահմանափակման։
Դա առաջին դեպքը չէ՝ կապված Ֆորդի ինքնաթիռի հետ։ 2015 թվականի մարտին դերասանի թեթևշարժիչային ինքնաթիռը վթարվել էր Սանտա Մոնիկա քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող գոլֆի դաշտում։ Վթարից քիչ առաջ Ֆորդը հայտնել էր շարժիչի խոտանի մասին։ Վթարից հետո դերասանը հոսպիտալացվել էր գլխի միջին ծանրության վնասվածքներով։












































