Վաշինգտոնը քննարկում է սիրիական ընդդիմությանը զինելու և նախապատրաստելու պարտականությունները պաշտպանության նախարարությանը փոխանցելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան կառավարության անանուն աղբյուրին: Ներկայում այդ գործով զբաղվում է ԿՀՎ-ն:
Այն բանից հետո, երբ Սպիտակ տունը եկավ այն եզրակացության, թե Սիրիայի կառավարությունը Հալեպի մոտ կիրառել է զարին գազ, Օբամայի վարչակազմը սկսեց ԿՀՎ-ի միջոցով զինել ընդդիմությանը: Սակայն այժմ, երբ խոսքը երկրորդ քիմիական հարձակման մասին է, որը տեղի է ունեցել Դամասկոսի արվարձանում, Վաշինգտոնը ծրագրում է ուժեղացնել համագործակցությունը ընդդիմության հետ և Պենտագոնին ներգրավել այդ առաքելությունում:
Սիրիայի ռազմական օբյեկտներին հարվածելու բանաձևի քննարկման ժամանակ ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին հայտարարել է, որ նախագահի վարչակազմը նաև այլ միջոցներ է փնտրում չափավոր ընդդիմությանն օգնելու համար: Նրա խոսքով՝ եթե ընդդիմության օգնությունը ստանձնի Պենտագոնը, այդ նպատակների համար ծախսերի մասին տեղեկությունը հասանելի կդառնա հարկատուներին:
Սեպտեմբերի 3-ին Օբաման New York Times-ին հայտնել էր, որ ամերիկացի զինվորականների կողմից նախապատրաստված գրոհայինների առաջին խումբը հատել է Հորդանանի հետ Սիրիայի սահմանը:









































