ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին կարող է գտնվել իրաքյան Մոսուլում, որը շրջափակված է կառավարական ուժերով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կառավարական ուժերի աղբյուրին։
Աղբյուրը հայտնել է, որ 10 օր առաջ ահաբեկիչները 40 արտաճանապարհային մեքենաներով և մի քանի տանկերի ուղեկցությամբ «հանկարծակի ուղևորություն» են կատարել Սիրիայից Թալ-Աֆար բնակավայրի ուղղությամբ, որը գտնվում է Մոսուլի ճանապարհին։
Նա հայտնել է, որ գրոհայինները փորձել են ճեղքել Թալ-Աֆարի շրջափակումը, որից հետո արդեն անցնել Մոսուլի շրջափակման ճեղքմանը։ Նրա խոսքով՝ նրանք բոլորը ոչնչացվել են շիա աշխարհազորի կողմից։ Հավանաբար նրանք ցանկացել են դուրս բերել շրջափակումից Ալ-Բաղդադիին կամ քաղաքում մնացած ԴԱԻՇ-ի գրոհայիններին։
Նա ենթադրել է, որ ալ-Բաղդադին կարող է վիրավորված լինել մարտին Սիրիայի և Իրաքի սահմանին կոալիցիայի ավիացիայի կողմից կատարված հարձակման ընթացքում։










































