Երևանի Խուլ ու համրերի կենտրոնում, որտեղ տեղակայված է 9/47 ընտրատեղամասը, իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
«Ես մաղթում եմ բոլորին հանգիստ ընտրություն: Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է: Բազմաթիվ քայլեր են իրականացվել, առաջին անգամ է, որ հետխորհրդային տարածքում խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը համատեղ ջանքեր են գործադրել` ստեղծելով այնպիսի օրենսդրական դաշտ, այնպիսի մեխանիզմներ, որոնք վստահություն են ներշնչում յուրաքանչյուր քաղաքացու, որ իր ձայնը տեղ է հասնում, իր ձայնը որոշելու է առաջիկա հինգ տարիների քաղաքական դասավորվածությունը»,-ասաց նա:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը սկսվեց առավոտյան ժամը 08:00-ին: Բացվեցին հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:








































