ՀՀ եվրաինտեգրացիայի թեման երկարաժամկետ հեռանկարում կարելի է փակված համարել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը:
Նախ՝ նա նշեց, որ Մաքսային միության կազմում լինելը որևէ կերպ չի հակասում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը։ Ըստ նրա՝ համաձայնագրի մի մասը՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն է հակասում Մաքսային միությանը։ Սրանց համատեղումը պրակտիկորեն անհնար է: Ուստի, նրա խոսքերով, Հայաստանը պետք է հրաժարվի կա՛մ մեկից, կա՛մ մյուսից, թեև Հայաստանն արդեն Մոսկվայի սուր ճնշումների տակ նման հայտարարություն արեց: Սակայն, վրացի քաղաքագետի կարծիքով, անհասկանալի է վերջին շրջանում Հայաստանի վարած քաղաքականությունը:
«Եթե Հայաստանը պետք է դառնար Մաքսային միության անդամ, ապա ինչո՞ւ էր տարիներ շարունակ բանակցություններ վարում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, և ինչո՞ւ էր այդքան ժամանակ ու ռեսուրսներ ծախսում այդ բանակցությունների վրա: Ես կարծում եմ, որ հիմնական ճնշումն առնչվել է ղարաբաղյան հարցին, այսինքն՝ պաշտպանել Հայաստանին սպառնալիքից, վերահսկողություն Ղարաբաղի վրա, իսկ Ռուսաստանի դերակատարությունը լուրջ գործոն է, որն օգնում է Հայաստանին պահպանել վերահսկողությունը Ղարաբաղի հարցում: Սա էլ առանցքային հատված է, որը շահարկում է Ռուսաստանը: Վերջերս Վլադիմիր Պուտինն այցելեց Ադրբեջան, և խոսվում էր այն մասին, որ Ադրբեջան կատարած նրա այցը նպատակ ուներ վախեցնել Հայաստանին, որպեսզի նա վերջնականապես հրաժարվեր Եվրոպական հեռանկարից: Հենց սա էլ տեղի է ունեցել»,- ասաց նա:
Անդրադառնալով տեսակետերին, թե ՄՄ-ն ԽՍՀՄ վերակենդանացումն է՝ ասաց, որ ՄՄ-ն առաջին հերթին տնտեսական միություն է, ունի նաև քաղաքական որոշակի նշանակություն: Բայց, Գոգոլաշվիլիի խոսքով, պարզ է, որ ապագայում եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանն ընթանալ այլևս չի կարող հատկապես, եթե տեղի ունենա Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տապալում, ապա դա լուրջ հետևանքներ կունենա և բացասական ազդեցություն կունենա նախկին ԽՍՀՄ երկրների համար:
Հարցին, թե արդյոք ՀՀ այս որոշման մեջ չկար Արևմուտքի սխալը, պատասխանեց, որ Արևմուտքը սահմանափակ հնարավորություններ ունի, ազդել Ղարաբաղյան հակամարտության վրա Արևմուտքը չէր կարող, դա շատ լուրջ հակամարտություն է, չափազանց փակուղային հակամարտություն է և նման հակամարտություններ նախկին ԽՍՀՄ տարածքում մի քանիսն են և այստեղ ոչ մեկը չի խառնվի, երբ չկա նաև ՌԴ-ի հատուկ հետաքրքրությունը հակամարտության խաղաղ կարգավորման մեջ: « Կարծում եմ, որ Արևմուտքի մեղքը չկա: Արևմուտքը սահմանափակ ռեսուրսներ ունի: Եթե հակամարտությունը Բալկաններում լիներ, ապա , այո, Արևմուտքը մեծ ռեսուրսներ կներդներ, բայց մենք գտնվում ենք Եվրոպայի սահմանում և Հարավային Կովկասի նշանակությունը ԵՄ-ի համար չի կարող այնքան մեծ լինել, որքան Բալկանների: Այսինքն՝շատ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կային, որոնք հնարավոր չէր շրջանցել: Հայաստանի համար բարդ էր ՌԴ-ի այդ դիրքային առաջընթացին դիմադրել և ստացվեց մի իրավիճակ, որ ՀՀ նախագահը ստիպված գնաց այս քայլին, բայց հռետորական մակարդակում որոշումը կայացված է և հետևանքները կլինեն այնպիսին, որ եվրաինտեգրացիայի հեռանկարը Հայաստանի համար փակվեց երկարաժամկետ ապագայում»,- ասաց նա:









































