Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է «Լեզուն, կրթությունը և ընտանիքը հայրենադարձության գործընթացում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, բացելով գիտաժողովի աշխատանքները, նկատել է, որ արտագաղթի խնդիրը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և անհանգստացնում է հասարակության ամենալայն շրջանակներին:
«Հայրենդարձներին շատ անգամ սեփական երկրում արդյունավետ հարմրավելուն խանգարում է մայրենի լեզվի ոչ բավարար իմացությունը, սոցիալ մշակութային իրողությունների չիմացությունը, կենսապայմանների փոփոխությունները և արտասահմանում մնացած սոցիալական կապերի կորուստը ծնում է սոցիալական մեկուսացում:
Այդ իսկ պատճառով Մանկավարժական համալսարանում«Ավո Հայմատգարտեն» /AWO Heimatgarten/ բարեգործական կազմակերպության և բուհի նախաձեռնությամբ արդեն մեկ տարի է գործում է ադապտացիոն կենտրոն, որն իրականացնում է «Վերաինտեգրացիայի կենտրոն-Հայաստան» /RECEA/ ծրագիրը»: ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ գիտաժողովի խնդրահարույց թեմաներով հարցադրումները նախարարության ուշադրության առանցքում են: Խոսելով հայրենադարձ երեխաների խնդիրների մասին՝ նախարարը կենտրոնացավ հայրենիքում նրանց կրթության կազմակերպման և կրթական կարիքների բավարարման հիմնախնդիրների ու մայրենիի ոչ բավարար իմացության վրա: «Ավանդական և նորագույն ժամանակներում ձևավորված սփյուռքի կրթական կարիքները տարբեր են: Խնդրի լուծումը մեկ գործընթացով չի կարող տրվել. պետք է ստեղծել ճկուն ու բազմազան այնպիսի համակարգ, որ յուրաքանչյուր հայրենադարձ Հայաստանում կրթությունը մատչելիորեն շարունակելու հեռանկար և հնարավորություն տեսնի»,- ասել է նախարարը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն էլ նկատեց, որ դեռևս 2000 թվականից միգրացիոն հոսքերի խճապատկերում նկատվում է շատ թույլ արտահայտված Հայաստան վերադարձողների հոսք. «Վերադարձից հետո շատ կարևոր է հայրենիքում անձանց ռեինտեգրացիան,և այս հարցի լուծմամբ է պայմանավորված, թե այդ անձը կշարունակի մնալ Հայաստանում, թե կրկին կմեկնի: Մի քանի տարի ապրելով հայրենիքից դուրս՝ մարդն իրեն փոփոխված է զգում բոլոր ոլորտներում»,-ասաց Գագիկ Եգանյանը: Նա անդրադարձավ նաև միգրացիայի ոլորտի կառավարման ծրագրով նախատեսված մի շարք գործողությունների, որոնք նախատեված են իրականացնել 2012-2016 թվականների ընթացքում:
«Ուղեղների արտահոսքը» Հայաստանից որևէ մեկի շահերից չի բխում. այն խաթարում է միջազգային համայնքի հետ համագործակցությունը»,- գիտաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանում DAAD-ի՝ Ակադեմիական փոխանակումների ծառա-յության ղեկավար Թինա Լաուֆերը, նշելով, որ DAAD-ն`որպես կրթական կազմակերպություն, համագործակցում է միջազգային բազմաթիվ կառույցների հետ և պայքարում արթագաղթի դեմ. «Մենք փորձում ենք ստեղծել մի ընդհանուր միջավայր, որն աջակցում է ուսանողների` երկկողմանի համագործակցությանը»:
Թինա Լաուֆերը վստահ է, որ արտագաղթի դեմ պայքարը հնարավոր է իրականացնել միայն այլ երկրների աջակցության և համագործակցության շնորհիվ: Երկօրյա գիտաժողովի ընթացքում Գերմանիայից, Բուլղարիայից, Լեհաստանից և Ռուսաստանից ժամանած մասնակիցներն իրենց զեկույցներում կանդրադառնան աշխարհի մի շարք երկրներում հայ միգրանտների հայրենադարձության հիմնախնդրին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































