Հայաստանի դատական դեպարտամենտին ինն ամսում 101 մլն 812.4 հազ. դրամ կհատկացվի: Այս որոշումը ներառված է Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:
Այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Նախագահի 30.06.2012թ. թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Ծրագրի 5.1.2 և Ցանկի 3.1 կետերի պահանջների կատարումն ապահովելու համար 2013 թվականի հունվարի 1-ից Վարչական դատարանի դատավորների թվակազմը պետք է ավելացել 10 դատավորով:
2013 թվականին նշանակված 2 դատավորների և նրանց կցված դատական ծառայողների գործունեությունն ապահովելու համար արդեն հատկացվել է 24 մլն 980.1 հազ. դրամ:
Նշանակվելիք 8 դատավորների և նրանց կցված դատական ծառայողների գործունեությունն ապահովելու համար էլ պետք է հատկացվի ևս 101 մլն 812.4 հազ. դրամ:
Ըստ հիմնավորման նոր աշխատակիցների ավելացման համար պետք է Վարչական դատարանի վարչական շենքում կատարել շինարարական փոփոխություններ` ավելացնելով աշխատասենյակների և դահլիճների թիվը: Այդ գումարից 50 մլն 283.8 հազար դրամը կուղղվի շինարարական աշխատանքների իրականացմանը, 18 մլն 105.6 հազար դրամը՝ վարչական սարքավորումների գծով /գույք և համակարգչային տեխնիկա ձեռք բերելուն, 1 մլն 783 հազար դրամը՝ նյութերի (ապրանքների) գծով /պատմուճաններ, կնիքներ, վկայականներ և դրոշներ ձեռք բերելուն, իսկ 31 մլն 640 հազար դրամը՝ ոչ նյութական հիմնական միջոցների գծով /դատական նիստերի ձայնագրառման և համակարգչային օպերացիոն ծրագրերի ձեռք բերելուն:








































