Հանրապետական կուսակցության անդամներ՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Ազգային ժողովի Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը վաղը մեկնում են Բրյուսել: Ա. Աշոտյանի խոսքով՝ իրենք, որպես ՀՀԿ-ի պատվիրակություն, պետք է մասնակցեն ԵԺԿ քաղաքական վեհաժողովին: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, իսկ Ա. Աշոտյանը ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի տեղակալն է և համակարգում է արտաքին քաղաքական խնդիրները: Բնականաբար, Բրյուսելում եվրոպական կառույցների պաշտոնյաների հետ ՀՀԿ-ական այս երկու պաշտոնյաներին բավականին ծանր զրույց և բացատրություններ են սպասվում՝ կապված Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում արած հայտարարության հետ՝ «Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը»:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանի արած հայտարարությունը, Ա. Աշոտյանը պատասխանեց. «Ես մի բան եմ առաջարկում և՛ ռուսամետներին, և՛ արևմտամետներին, և՛ հակառուսականներին, և՛ հակաարևմտամետներին՝ այն բոլոր պրո և հակաուժերին, որոնք ակտիվություն են ցուցաբերում այս մեկ օրվա ընթացքում. նման որոշումների մեջ չտեսնել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Եվրոպային: Տեսնել բացառապես Հայաստանին և Հայաստանի շահերը»:
Դիտարկմանը՝ բայց չէ՞ որ նույն Ս. Սարգսյանը, ինչպես նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, մի քանի օր առաջ նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարում էին, որ Հայաստանին ՌԴ-ի նախաձեռնած Մաքսային միությունում չեն սպասում, որ մեր երկիրը ՌԴ-ի հետ սահման չունի, և նպատակահարմար չէ մտնել այդ կառույց, ուրեմն ինչո՞ւ հանկարծ Ս. Սարգսյանը երեկ Մոսկվայում նման հայտարարություն արեց, Ա. Աշոտյանը ասաց. «Հայաստանը ՌԴ-ի, Եվրոպայի կամ Ամերիկայի շահերը սպասարկելու համար չէ անկախ պետություն: Հայաստանն ունի իր ռազմավարական շահերը, իր ռազմավարական դաշնակցական հարաբերությունները: Հայաստանն ունի իր բազմավեկտոր քաղաքականության շրջանակներում լուրջ գործընկերներ՝ հանձինս նաև Եվրամիության, ԱՄՆ-ի: Եվ պարզունակ դարձնել այս ամենը, ինչ տեղի է ունեցել մեր տարածաշրջանում, բերել-հասցնել՝ Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան կեղծ երկընտրանքին, կարծում եմ, որ պատասխանը տվել է հենց ինքը՝ Ս. Սարգսյանը՝ ասելով, թե սա եվրոպական մեր գործընկերների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ»:
Մեր հաջորդ հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է մեկնաբանում Ս. Սարգսյանի այդ հայտարարության հետ կապված եվրոպական պաշտոնյաների երեկվա հայտարարությունները, հատկապես Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԺԿ գործադիր մարմնի անդամ Էլմար Բրոկի այն հայտարարությունը, թե՝ «Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի: Ես շատ եմ ցավում, քանի որ իրավաբանորեն և որոշ այլ պայմանների պատճառով հնարավոր չէ լիարժեք անդամակցել և՛ Մաքսային միությանը, և՛ ԵՄ Ասոցացման համաձայնագրին ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն»: Իսկապե՞ս ՌԴ-ում Ս. Սարգսյանի վրա ճնշում են գործադրել: «ԵԺԿ-ի պաշտոնյաների կարծիքները ես կկարողանամ լսել Բրյուսելում և նրանց հետ փոխանակել իմ կարծիքները: Մեկնաբանել մեկնաբանությունները, համաձայնեք, դա նախարարի գործը չէ»,- եզրափակեց Ա. Աշոտյանը:












































