Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ որոշմանը և պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին: Այս մասին երեկ իրենց հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են արել ՀՀ և ՌԴ նախագահները:
Հայաստանի այս որոշմանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Միջազգայնագետը նշեց, որ ցանկացած որոշում չի կարելի որպես 100%-անոց իրականություն ընդունել, այսօր կան որոշակի հանգամանքներ, իսկ քաղաքականությունը «հնարավորի» արվեստ է: «Ներկայիս պայմաններում ի՞նչ կարող էր անել Սարգսյանը, ուրիշ ի՞նչ էին սպասում նրանից: Ես ասում էի, որ չեմ տեսնում ռազմավարական ռեալ հակամարտություն Ռուսաստանի ու Հայաստանի միջև: Ուստի չարժե այս ամենին վերաբերվել որպես անակնկալի: Հայաստանը փորձում էր խաղալ մի քանի տախտակների վրա, Մոսկվան դա չէր ողջունում, կրքերը հանդարտեցվեցին: Արդյո՞ք Սարգսյանի այս որոշումն ընդմիշտ ու վերջնական է, իհարկե՝ ոչ. աշխարհը փոխվում է, փոխվում են հանգամանքները: Պարզապես նման ընտրություն կատարվեց ներկայումս՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները: Եկեք սպասենք, թե ինչ կասի ԵՄ-ն։ Իսկ միգուցե ԵՄ-ն ասի, որ դեմ չէ՞: Չենք կարող չէ՞ այդ տարբերակը բացառել»,- նման տեսակետ հայտնեց Սերգեյ Մարկեդոնովը:
Վերջինիս կարծիքով Սարգսյանը նման որոշում կայացրեց՝ հաշվի առնելով այն, որ ԵՄ-ն չի կարող երաշխավորել ՀՀ անվտանգությունն այնպիսի մակարդակով, ինչիպիսին անում է ՌԴ-ն, մնացածը հետաքրքիր չէ: Քաղաքագետը նույնիսկ վստահ չէ, որ Մաքսային միությանն անդամակցելը տնտեսապես Հայաստանին ձեռնտու է, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանն ընդհանուր սահմաններ չունեն։ Ռուսաստանն ու Հայաստանը կարող էին տնտեսապես համագործակցել նաև առանց նման բազմակողմանի ձևաչափի, քանի որ ունեն երկար տարիներ մշակած երկկողմ ձևաչափ: Բայց, նրա համոզմամբ, Մոսկվայի համար նման հայտարարությունը կարևոր էր, ինչն էլ Հայաստանն անում է՝ հասկանալով, որ ներկայիս պայմաններում Եվրոպան Ադրբեջանի և Հայաստանի միջև միանշանակորեն ընտրություն չի կատարի հօգուտ Հայաստանի և չի երաշխավորի Հայաստանի անվտանգությունը: Մարկեդոնովի խոսքերով՝ սրանք են այն բազային գործոնները, որոնք բերեցին այսօրվա որոշմանն ու հայտարարությանը:
Հարցին, թե բացառո՞ւմ է արդյոք, որ քաղաքական ճնշումներ են եղել՝ ուղղված Հայաստանին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ քաղաքականությունը քաղաքականություն է, եղել են, իսկ ինչո՞ւ Մոսկվան չպետք է ճնշի Երևանին, չէ՞ որ Մոսկվան էլ իր հետաքրքրություններն ունի: Բայց, ըստ Մարկեդոնովի, իրերի դասավորությանն այդ դիտանկյունից չպետք է նայել, չպետք է ասել՝ ՌԴ-ն ճնշում է, և ահա՝ Սարգսյանն այսպիսի որոշում է կայացնում, կոտրվում է:
«Նա քաղաքական գործիչ է: Չեմ կարծում, թե սա նշանակում է, որ Հայաստանը չի նայելու Եվրոպայի ուղղությամբ, իհարկե` ոչ, ավելին` նայելու է, պարզապես միգուցե՝ փոքր-ինչ զգուշորեն: Պետք է սպասել, թե ինչ կասի ԵՄ-ն, չէ՞ որ սա տանգո չէ երկուսով, նույնիսկ երեքով էլ չէ։ Կա իրավիճակ ԵՄ-ում, կա իրավիճակ Մերձավոր Արևելքում, կան աշխարհաքաղաքական իրողություններ: Խոսում ենք, թե Մոսկվան է ճնշումներ գործադրում, բայց ի՞նչ է Մերձավոր Արևելքում առաջացած իրավիճակը չի՞ ստիպում չափազանց զգույշ վերաբերվել ՌԴ-ի հետ համագործակցությանը: Քաղաքական գործչի համար կոնկրետ իրողություններ գոյություն ունեն, իսկ Սերժ Սարգսյանը հաշվի է առել, որ Եվրոպան ՌԴ-ին չի փոխարինի անվտանգության ոլորտում, չի անի ընտրություն հօգուտ Հայաստանի։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ստաբիլ չէ, և Թուրքիայի դերակատարությունը մեծ է, և չես կարող իմանալ, թե Թուրքիան որտեղ կանգ կառնի: Կա Ռուսաստան՝ անվտանգության երաշխավոր»,- մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը:
Եզրափակելով իր խոսքը՝ նա ասաց, որ հաղթանակը միշտ մեծ փորձություն է, Ռուսաստանն իրեն հաղթող է զգում, բայց եթե Հայաստանին ուղղված Ռուսաստանի քաղաքականությունն այսուհետ կոշտ լինի, ապա դա չափազանց ոչ արդյունավետ կլինի: «Ռուսաստանի համար շատ կարևոր է ցույց տալ, որ այս որոշումն ընդունվել է կոմպրոմիսային քաղաքականության արդյունքում: Կոշտ տոնայնությունը սխալ կլինի»,- նկատեց Սերգեյ Մարկեդոնովը:









































