Կատալոնական ոստիկանությունը ռեզինե փամփուշտներ և մահակներ է գործածել ցուցարարներին ցրելու համար, որոնք Բարսելոնում բողոքում էին երկրի ծանր տնտեսական վիճակի դեմ,- փոխանցում է France Presse գործակալությունը:
Ոստիկանները ուժ են կիրառել այն բանից հետո, երբ ցուցարարները փակել են կոմունալ ծառայությունների բեռնատարների ճանապարհը, որոնք քաղաքային գլխավոր հրապարակից հանել են նրանց վրանները: «Վրանային քաղաքը» ավերվել էր դրանից քիչ առաջ:
Աշխատողները, որոնք հավաքում էին վրանները և տեղավորում բեռնատարների մեջ, աշխատում էին ոստիկանության հսկողության ներքո: Այդ ժամանակ ցուցարարները տեղ էին զբաղեցնում հրապարակից դուրս եկող ճանապարհների վրա: Այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են ճանապարհ տալ, նրանց հանդեպ ուժ է կիրառվել: Տուժածների մասին չի հաղորդվում:
Բարսելոնում տեղի ունեցող բողոքի ակցիան երկրով մեկ տեղի ունեցող միջոցառումներից մեկն է, որն ուղղված է երկրում գործազրկության, սոցիալական վիճակի վատթարացման, քաղաքական համակարգի և կոռուպցիայի դեմ:
Ցուցարարների հիմնական դժգոհությունն ուղղված է երկրի համակարգի դեմ, երբ կառավարությունը գլխավորում է կամ սոցիալիստը, կամ պահպանողականը: Ցուցարարների կարծիքով, նրանց միջև գոյություն չունի տարբերություն, ինչը և մարդկանց զրկում է իրական ընտրությունից:
Այս շարժման ակտիվիստներն օգտագործում են մի քանի ինքնանվանումներ` «M-15», «Իսպանական հեղափոխություն» և «Անհապաղ իսկական դեմոկրատիա» անվանումները:









































