Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Իլթիմաս Մամեդովն խոսել է Azerspace ադրբեջանական առաջին արբանյակի տիեզերք արձակման մասին.
«Արբանյակի կառուցման աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան։ Արբանյակի արտադրման հարցում որևէ խնդիր չի ծագել, այդ աշխատանքները հաջողությամբ ընթանում են։ Այն տիեզերք կարձակվի 2012 թվականի վերջին։ Ներկայիս դրությամբ Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը տվյալ հարցով գտնվում է ԱՄՆ-ում»։
Նշվում է, որ Azerspace արբանյակի նախագիծը գնահատվում է 120 միլիոն դոլար, որի 85 տոկոսն ադրբեջանական կողմին է տրամադրելու ԱՄՆ պաշտոնական վարկային գործակալություն հանդիսացող Ex-Im բանկը, իսկ մնացած 15 տոկոսը հատկացվելու է Ադրբեջանի պետբյուջեից։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) նամակ է հղել Ex-Im բանկի նախագահին և ամերիկյան օրենսդիրներին` նշելով, որ Ադրբեջանն Azerspace արբանյակը կարող է գործածել նաև ռազմական նպատակներով:
Նույն պատճառով անհանգստացած է նաև ԱՄՆ Կոնգրեսը, և այդ պատճառով Ex-Im բանկը նամակ է հղել սենատոր Ջեկ Ռիդին` վստահեցնելով, որ չպետք է անհանգստանալ ադրբեջանական Azerspace արբանյակի կապակցությամբ, քանի որ բանկը հավելյալ միջոցներ է ձեռնարկելու, որպեսզի արբանյակը չգործածվի ռազմական նպատակներով:









































