Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան հայտարարել է, որ «Մեծ ութնյակում» Մեդվեդևի գործընկերները երկկողմ հանդիպումներում խնդրել են Ռուսաստանին միջնորդ հանդիսանալ Լիբիայում կարգավորման բանակցություններում:
«Երկկողմ հանդիպումների ժամանակ բոլորը շնորհակալություն են հայտնել նախագահից Լիբիայի հարցում կառուցողական դիրքորոշման համար: Ավելին, գրեթե բոլոր դեպքերում խնդրանք կար, որպեսզի Ռուսաստանը միջնորդական առաքելություն ստանձնի Լիբիայում իրավիճակի կարգավորման գործընթացում»,- Տիմակովայի խոսքերը մեջբերել է RIA-Novosti գործակալությունը:
Հիշեցնենք, որ միջնորդ հանդիսանալու խնդրանքով անցած հինգշաբթի ՌԴ-ին էր դիմել Քադաֆիի արտաքին գործերի նախարարությունը, իսկ նախորդ շաբաթ և Քադաֆիի և ապստամբների ներկայացուցիչները եղել են Մոսկվայում` քննարկելու ներլիբիական կարգավորման հարցերը:











































