Հայաստանում հավատարմագրված արտասահմանցի դիվանագետները, միջազգային կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները ինտենսիվորեն հանդիպումներ են ունենում Հայաստանի քաղաքական ուժերի առաջնորդների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների օրակարգում առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցերն են: Սակայն այդ ամենը միասին մի կարևոր հարց է առաջացնում հանրության մոտ՝ ի՞նչ են տալիս այդ հանդիպումները Հայաստանին, հասարակությանը, այդ քաղաքական ուժերին և նրանց հանդիպող դիվանագետներին: Ի՞նչն է ընդհանուր այդ հանդիպումների արդյունքի մեջ, և ի՞նչն է, որ ամեն ոք արձանագրում է զուտ իր համար կամ ամեն ոք ապարդյուն է գնահատում իր տեսակետից:
Այն, որ տեղի են ունենում ինտենսիվ հանդիպումներ` վկայում է, իհարկե, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հանդեպ միջազգային հանրության մեծ հետաքրքրության մասին, ինչը այդ հանրության տարբեր սուբյեկտները չեն էլ թաքցնում: Սակայն, այնուհանդերձ, բաց է մնում հարցը, թե ինչ են տալիս Հայաստանի քաղաքական սուբյեկտների հետ հանդիպումները խորհրդարանի ընտրության որակական աստիճանի բարձրացման տեսանկյունից: Իսկ որակական աստիճանի բարձրացում ասվածն, իհարկե, ենթադրում է այն, որ այդ ընտրության արդյունքը, մեղմ ասած, հնարավորինս մոտ լինի ընտրողի տեսակետին, կարծիքին, ընտրողի որոշմանը: Իսկ ընդհանրապես ասած` որևէ նորմալ երկրում որակյալ ընտրություն ասվածը հենց դա էլ ենթադրում է. ընտրություն, որը կատարում է շարքային ընտրողը իր կամքով:
Փոխվո՞ւմ է արդյոք այս առումով մեր երկրում որևէ բան, երբ օրինակ` Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, կամ երբ Եվրամիության պատվիրակը հանդիպում է ՀՅԴ լիդերների հետ, կամ երբ միջազգային դիտորդները հանդիպում են Ժառանգության առաջնորդի հետ: Հանդիպում են, քննարկում են, լավ, իսկ հետո ինչ: Այդ հետոյի հարցը Հայաստանում չի տրվում արդեն 25 տարի, կամ ավելի ճիշտ` տրվում է և տրվում է հետևյալ կերպ՝ հետո ոչինչ, հետո ինչպես միշտ կեղծված քվե, պարտադրված իշխանություն, վերարտադրված համակարգ: Այսինքն` երկրի համար հետո, մեծ հաշվով, խորացող ճգնաժամ, իսկ թե հանդիպումների մասնակից սուբյեկտներից յուրաքանչյուրն արդեն իր համար հետո ինչ է գտնում, ստանում կամ կորցնում` դա արդեն մեծ հաշվով կարևոր չէ, որովհետև կարևորը պետության և ժողովրդի շահն է, որն այդ հանդիպումներում փաստացի կորած է՝ բացակայում է, չկա:










































