«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։
– Պարոն Մակեյան, նախընտրական փուլում բոլոր ընդդիմադիր ուժերի միավորում չստացվեց, հետընտրական փուլում ի՞նչ զարգացումների ականատես կլինենք։
– Հիմա այնպիսի մթնոլորտ է ձևավորված, որ ցանկացած օր հնարավոր է ֆորս-մաժորային իրավիճակ։ Այն բացասական էներգետիկան, որ կուտակված է ընդդեմ վարչախմբի՝ չի բացառվում, որ հանգեցնի հետընտրական զարգացումների։ Բայց խնդիրը հետևյալն է՝ չկա կոնկրետ անձնավորված առաջնորդ, այնպես, ինչպես լինում է նախագահական ընտրությունների ժամանակ։ Տարբեր միավորներ են մասնակցում, դրանց մի մասը գտնվում է իշխանության վերահսկողության տակ։ Դժվար է գնահատել՝ ինչ զարգացումներ կլինեն, ու ինչ արդյունք կունենանք։ Բայց այն, որ երկրում հասունացել է ապստամբության մթնոլորտ, և դրան նպաստում է գործող վարչախումբը՝ դա փաստ է։
– Կա՞ն այնպիսի ուժեր, որոնք կկարողանան առաջնորդել և ճիշտ ուղով տանել հետընտրական զարգացումները։
– Ընդդիմությանը չպետք է թերագնահատել, բայց պետք է հաշվարկել ընդդիմության սադրիչ քայլերը։ Նույնիսկ այն ընդդիմադիրները, որոնք սպասարկել են վարչախմբին, ինչ-որ պահի կարող են գործել վարչախմբի դեմ. կախված է ընդդիմության հաշվարկներից և վարչախմբի քայլերից, թե ինչ սահման կանցնեն։ Պետք է հաշվարկել նաև այն, որ մենք պատերազմական իրավիճակում ենք։
– Հետընտրական փուլում ընդդիմության միավորումը հնարավո՞ր է։ Նախընտրական փուլում տարբեր պատճառներ մեջբերելով՝ չստացվեց, իսկ հետընտրական փուլո՞ւմ։
– Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրավիճակը՝ պետք է գաղափարական, աշխարհաքաղաքական մոտեցումները դնել մի կողմ։ Բայց հետընտրական զարգացումների ընթացքում հնարավոր է ժողովրդական շարժումը թափ հավաքի ու պարտադրի քաղաքական ուժերի համախմբում։ Տեսականորեն դա հնարավոր է։
– Իսկ Դուք կաջակցե՞ք։
– Եթե նայենք մեր կուսակցության 20 տարվա պատմությունը, ապա բոլոր տեսակի քաղաքական զարգացումներում՝ հատկապես հետընտրական, աջակցել ենք։ Ես բացառում եմ, որ որոշակի պրոցեսների դեպքում մենք մնանք դիտորդի կարգավիճակում։
– «Սասնա ծռերը» կոչ է անում բոյկոտել առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Կարծում եք՝ դա աշխատո՞ղ տարբերակ է, այն դեպքում, երբ ընդդիմությունը մասնակցում է։
– Հայաստանում այս վարչախմբի պարագայում, երբ ժողովրդին հասցրել են այն վիճակի, որ 5000 դրամն է խնդիր լուծող, մի մասին պարտադրելով, մի մասին ահաբեկելով՝ տանելու են ընտրատեղամաս։ Ես ինքս գնալու եմ ընտրության, վերցնելու եմ ՀՀԿ-ի քվեաթերթիկը ու վրան գրեմ՝ «Սասնա ծռեր»։
Լուսանկարը՝ Photolure-ի








































