«100 տոկոսով այդ չափանիշներին բավարարելու մասին չենք կարող խոսել, բայց կարծում եմ, որ Հայաստանը կարող է շանսեր ունենալ հաջողությամբ մասնակցելու այդ ծրագրին, առավել ևս՝ եթե հաշվի առնենք ներքաղաքական վերջին զարգացումները, երկխոսության տարրերը, ինչպես նաև համաներման մասին որոշումը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրում» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը` անդրադառնալով Եվրահանձնաժողովի և Եվրամիության վերջին զեկույցին:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի և Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարը զեկույց է հրապարակել 12 երկրների վերաբերյալ, որտեղ ասվում է, որ ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակներում օգնության տրամադրումն իրականացվելու է հաշվի առնելով այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են ընտրությունների արդարությունը, անկախ դատարանների և ազատ մամուլի առկայությունը: Նկատենք, որ այս ծրագրին մասնակցում է նաև Հայաստանը:
Բեքարյանը նշեց, որ այդ չափորոշիչները լինելու են ոչ այլ ինչ, քան այն ամենը, որոնք դրված են «Արևելյան գործընկերության» մեջ. «Այդ առումով չեմ սպասում, որ որևէ էական, սկզբունքային փոփոխություններ են լինելու: Իհարկե, այդտեղ կլինեն հարցեր, որոնք կդիտվեն թերի, կլինեն հարցեր, որոնց համար ժամանակ կտրամադրվի»:









































