Ինչպես հայտնի է, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Արագածոտնի մարզում։ Նախօրեին նա հայտարարել էր, որ առաջադրվելու հրավերը ստացել է Սերժ Սարգսյանից և ամեն ինչ անելու է, որ մարզից առավելագույն ձայներ բերի իր և ՀՀԿ թիմի համար։ Մեզ հասած տեղեկություններով՝ Բազմասեր Առաքելյանի այս ճամբարափոխությունը կարող է թանկ արժենալ նրա հորեղբոր՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանին։ Հնարավոր է՝ նա հրաժեշտ տա իր պաշտոնին։
Վահրամ Առաքելյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց լուրերը՝ նշելով, որ ինքը ոչ մեկի գործերին չի խառնվում, իր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ հրաշալի են, և պաշտոնանկության խնդիր չի կարող առաջանալ։ «Տենց բան գոյություն չունի։ Ես Ծառուկյանի հետ գերազանց հարաբերություններ ունեմ, շաբաթը մեկ անգամ խոսում եմ հետը»,- ասաց Առաքելյանը։
Մեր դիտարկմանը, թե եղբորորդու քաղաքական դիրքորոշման փոփոխությունը, փաստորեն, իր վրա չի՞ ազդի, ռեկտորը պատասխանեց. «Չէ, նա ինչ կապ ունի իմ հետ։ Նա իր որոշումը կայացրել է։ Կամ՝ երբ ես ռեկտոր էի, նրանք ով էին կամ ուր էին։ Ես իմ շնորհքով ռեկտոր եմ դարձել։ Ինձ ժողովուրդն է ընտրել։ Իմ մոտ ամեն ինչ հրաշալի է, հանգիստ աշխատում եմ»։
Մեր հարցին, թե ողջունե՞լ է Բազմասեր Առաքելյանի որոշումը՝ անցնել ՀՀԿ թիմ, պատասխանեց. «Դրանք ինձ չեն հետաքրքրում։ Ինձ բացարձակ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ես ու իմ գործը։ Ուրիշ ոչ մեկը ու ոչ մի բան»։












































