«Բավարար հիմքեր կա՞ն Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար». այսօր «Մեդիա կենտրոն»- ում այս թեմայով կազմակերպված քննարկմանը, անդրադառնալով խորհրդարանական առաջիկա ընտրություններին՝ ՀԺԿ- ՀԱԿ դաշինքի ներկայացուցիչ Արամ մանուկյանը նշեց, որ շնորհիվ «4+4+4» ձևաչափի` նոր ԸՕ-ում կատարված փոփոխությունների, այս ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը կես միլիոնով պակաս կլինի, քանի որ չեն քվեարկի նրանք, որոնք ՀՀ-ում չեն, սակայն նրանց փոխարեն քվեարկում էին. «Այս տարի կես միլիոնով պակաս կլինեն ընտրողները, քանի որ այն քաղաքացիները, որոնք ցուցակներում կային անցած տարիներին, բայց Հայաստանում չէին, ու նրանց փոխարեն ընտրում էին, այժմ հանված են: Այս ընտրություններին հաղթող է լինելու անտարբերությունը. 60-70 տոկոսը թքած ունի ընտրությունների վրա»:
«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս իշխանությունների ձեռքին ինչ ԸՕ էլ դնես, եթե նրանք ուզում են կեղծել, ապա կանեն. «Այն, որ իշխանությունները քաղաքական կամք չեն դրսևորելու, ակնհայտ է, այս մարդիկ ամեն ինչ պետք է անեն, որ երկար տարիների ընթացքում ձեռք բերած իրենց ունեցվածքը պահպանեն»։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Ստյոպա Սաֆարյանը կաշառք բաժանելու դեմ համագործակցության կոչ արեց. «Եթե բոլորս դեմ ենք ընտրակաշառքին, ապա ստեղծենք վերկուսակցական մի մարմին, որը կփորձի կանխել ապաքաղաքական այդ գործիչների նման քայլերը։ Եթե դա ընդունելի է, ապա ընտրատեղամասերից դուրս կատարվողի վրա մենք կկարողանանք ունենալ վերահսկողություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































