Վրաստանը չի անցկացնի ուղիղ երկխոսություն անջատողական շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ՝ որպես անկախ պետությունների: Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն՝ մեկնաբանելով իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
«Սերգեյ Լավրովն, ըստ երևույթին, ճիշտ չի հասկացել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը՝ աբխազների և օսեթների հետ հարաբերությունները վերականգնելու մասին: Իվանիշվիլին չի խոսում այն ենթատեքստով, որը ենթադրում է Լավրովը»,- ասել է նա:
Վրաստանի ԱԳ նախարարը նշել է, որ խոսքը վրացիների և աբխազների, վրացիների և օսեթների միջև վստահության վերականգնման մասին է:
Փանջիկիձեն հայտնել է նաև, որ վրացական կողմը որոշակի մակարդակով արդեն սկսել է երկխոսությունը, և իրենց կարևորագույն խնդիրներից է շարունակել և խորացնել սկսված երկխոսությունը:










































