Ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ օգոստոսի 27-ին մի խումբ քաղաքացիների կազմակերպած երթը բացառապես խաղաղ նպատակներ ունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երթի կազմակերպիչ, ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս իրենց գործողությունների ծրագիրն ամբողջովին չեն հստակեցրել, սակայն մի բան պարզ է՝ այս օրերին մի իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքացիները մասսայաբար հայտնվել են ոստիկանական բաժանմունքում: «Այդ ամենն ուղեկցվել է բռնություններով, ոչ իրավաչափ գործողություններով, որոնք ոչ միայն դատապարտելի են, այլև ցույց են տալիս, որ ոստիկանությունը սպասարկում է ապօրինի իշխանությունների, և ինչպես քաղաքացիական բոլոր ընդվզումների ժամանակ` կոշտ գործողությունների է դիմում: Մենք ունենք քրեական տարրերի կողմից տուժած քաղաքացիներ, որոնց պաշտպանություն ևս չի իրականացվում»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով` ոստիկանները մշտապես շեշտում են, որ կանգնած են ի պաշտպանություն ակտիվիստների, մինչդեռ դիտորդի դեր ստանձնելով` իրենց ֆունկցիան չեն կատարում, ժողովրդին չեն ծառայում: Հարցին` արդյոք կկարողանա՞ն կայանալիք բողոքի ակցիայի ժամանակ վերահսկել իրավիճակը` ակտիվիստը պատասխանեց, որ իրենք ոչ մի անգամ բռնի գործողությունների չեն դիմել: «Նույն քաղաքապետարանի առջև, երբ միջոցառումները սկսեցին արգելել, ոչ մի բան չենք արել, առավելագույնը` թատերական միջոցառումներ ենք կազմակերպել` բանաստեղծություն ենք ընթերցել կամ երաժշտական կատարումներով ենք հանդես եկել»,- ասաց նա: Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենց ակցիաների մասնակիցների թիվը երբևէ 100-ը չի գերազանցել, իսկ դա չի համարվում հանրահավաք կամ այնպիսի հավաք, որի մասին նախօրոք պետք էր նախազգուշացնել:
«Բռնի գործողությունների դիմելը մեր գործելաոճը չի, մենք այդքան անգիտակից չենք, որ իրավական Հայաստան պահանջելով` ոչ իրավական գործողություններ իրականացնենք: Երբեք որևէ մեկի տեղաշարժը չենք արգելել, չենք արել գործողություններ, որից ինչ-որ մեկը տուժեր. նման գործողությունների հեղինակը ոստիկանությունն է»,- ասաց ակտիվիստը: Կազմակերպվելիք երթին ու բողոքի ակցիային սադրիչների մասնակցությունը Հովհաննիսյանը չբացառեց` նշելով, որ ներդրված սադրիչներ են լինում, դա անգամ տեսանյութերում է երևում, ըստ նրա՝ հանրույթների քաղաքականության մեջ բոլորին անհատապես վերահսկելն անհնար է: Նա, սակայն, հայտարարեց. «Եթե որևէ մեկը ապօրինի կամ սադրիչ գործողություն կիրականացնի, կարող եք համարել, որ նա մեր հանրույթի մասը չէ և ներդրված է իբրև սադրիչ»:
Նշենք, որ օգոստոսի 27-ին մի շարք քաղաքացիների նախաձեռնությամբ տեղի կունենա ցույց Նալբանդյանի վրա գտնվող ոստիկանության դիմաց, այնուհետև՝ երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Իրադարձության կազմակերպիչներից են ակտիվիստներ Ռուզաննա Գրիգորյանն ու Վարդինե Գրիգորյանը, Հելսինկյան քաղաքացական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
ՀՀ ոստիկանությունն ի պատասխան՝ հայտարարություն է տարածել, որում ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ իրավախախտումներ թույլ տալուց, կատարել հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ծառայողների օրինական պահանջները և տեղիք չտալ ավելորդ լարվածության: Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի` ոստիկանության ծառայողը, որպես բացառիկ միջոց, գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ: Ոստիկանությունը նաև հայտարարում է` հասարակական կարգը խախտելու, մայրաքաղաքի կյանքի բնականոն ընթացքը խաթարելու, մյուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, օրենքն անտեսելու յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` օգտագործելով նաև հատուկ միջոցներ:
Լուսանկարը՝ hetq.am-ի











































