Օգոստոսի 24-ին «168 Ժամը» հրապարակել էր մի հոդված, ըստ որի` գործող իշխանությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների: Ըստ իշխանության շրջանակներում առկա լավատեղյակ աղբյուրների` այդ նպատակով կստեղծվի սահմանադրական հանձնաժողով, և 2014 թ. կանցկացվի սահմանադրական հանրաքվե` Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելու նպատակով:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ,Դավիթ Հարությունյանը 168.am–ի հետ զրույցում խոսելով այս տեղեկության մասին, կարծիք է հայտնել, որ նման հարցերը չեն քննարկվում «հընթացս և համատեքստից կտրված», և կառավարման համակարգի ներկայիս` կիսանախագահական ձևը վերացնելու և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցադրում այսօր չկա:
«Կա քննարկում, թե որքանով է այսօրվա համակարգը համապատասխանում արդի պահանջներին, և միայն քննարկման արդյունքում ես կկարողանամ արտահայտել իմ կարծիքը: Այս պահի դրությամբ` դեռևս վաղաժամ է խոսել»,- ասաց հանրապետական պատգամավորը:
Իսկ մեր հարցին, թե ընդհանրապես կա՞ անհրաժեշտություն` նման սահմանադրական փոփոխություններ կատարելու համար, Դավիթ Հարությունյանը պատասխանել է այսպես. «Ես կարծում եմ, որ այո´, կա»:
Ըստ նրա` այդ փոփոխություններն անհրաժեշտ են ոչ միայն երկրի ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար:
«Կարծում եմ` նաև Մարդու իրավունքների պաշտպանության ավելի կատարելագործված մեխանիզմներ ստեղծելու առումով, նաև ավելի արդյունավետ կառավարման ձևի հետ կապված` անհրաժեշտ են քննարկումներ, որպեսզի տեսնենք` որքանով է այսօրվա կառավարման ձևն արտահայտում արդի մարտահրավերներին դիմակայելու պատշաճ մակարդակը»,- նշել է նա:
Նյութն ամբողջությամբ՝ 168.am-ում
Լուսանկարը՝ Photolure-ի









































