Հրապարակախոս Վարդգես Օվյանի հավաստմամբ՝ իր և Սլավիկ Հակոբյանի (նույն ինքը՝ ԼՂՀ Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյան) միջև հակամարտությունը գալիս է այն բանից, որ իր հայրը՝ գրող-հրապարակախոս Վազգեն Օվյանը, շուրջ երեսուն տարի առաջ մի պամֆլետ է գրել Վարդան Հակոբյանի մասին: Պամֆլետը գրողի որդին հրապարակել է հոր մահից հետո՝ իննսունականների սկզբին. «Դրանից հետո այդ մարդու քունը չի տանում, անընդհատ պատճառներ է փնտրում՝ ինձ և հորս հարվածելու համար»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդգես Օվյանն ասաց, որ վերջին տարիներին Վարդան Հակոբյանը սկսել է «գրական արշավ» կազմակերպել իր դեմ, բանը հասել է նրան, որ արդեն «Ֆեյսբուքում» գրած նյութերի համար է դատի տվել. «Ես այդ մարդու մասին շատ ավելի սուր հոդվածներ եմ գրել, զարմանալի է, թե ինչու է «Ֆեյսբուք» տեղափոխել հակամարտությունը»:
Նա նշեց, որ Վարդան Հակոբյանը իր կերտած հերոսների մեջ անընդհատ իրեն է տեսնում և նույնիսկ անհասցե արտահայտություններ է իրեն վերագրում. «Չգիտեմ ինչպես, ձեռքն է գցել «Ֆեյսբուքում» իմ ընկեր-բարեկամների համար նախատեսված, հորս ծննդյան օրվա կապակցությամբ գրառումս, դրան ավելացրել «Այդ թվում մեծագույն-մեծագլուխ տականքներից մեկը» անհասցեատեր ձևակերպում ու դա համարել իրեն ուղղված… Այսինքն՝ մարդ որքա՜ն վատ կարծիք պիտի ունենա ինքն իր մասին, որպեսզի անհասցե «մեծագույն-մեծագլուխ տականք» արտահայտությունը համարի իր անձին ուղղված…»
Մեր այն հարցին, թե գրական դաշտում հակառակորդի համար դժվարություններ չի՞ ստեղծում Վարդան Հակոբյանը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նա ոչինչ չի կարող անել իրեն:
Հիշեցնենք, որ սույն տարվա մայիսի 31-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարան էր դիմել քաղաքացի Սլավիկ Հակոբյանն՝ ընդդեմ հրապարակախոս Վարդգես Օվյանի՝ «համացանցում իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող տեղեկություններ» հրապարակելու համար: Հայցադիմումին կցված որևէ իրեղեն ապացույց՝ ինտերնետային կայքէջի լուսանկար կամ որևէ նյութ չէր կցվել գործին:
Ինչպես փաստեց պարոն Օվյանը, «մի թղթի կտորով դատարան էր եկել, որը մինչև հիմա չգիտի, թե որտեղից էր գտել և ում էր պատկանում»: Հայցվորը վիրավորանքի համար պահանջում էր 400 հազար դրամ, զրպարտության համար՝ 800 հազար դրամ, իսկ փաստաբանական ծախսերը գնահատել էր մեկ միլիոն դրամ:
Հայցը կարճվել է՝ բավարար հանցախումբ չունենալու համար:











































