Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվում է Մարինե Խոսրովյանի և Արթուր Չոբանյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի մայիսի 27-ին, ժամը 23-ի սահմաններում 38-ամյա Մարինե Խոսրովյանը և 31-ամյա Արթուր Չոբանյանը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Երևան քաղաքի Տերյան փողոցում գործող «Աֆրոդիտե» կարաոկե ակումբի բակ են դուրս եկել ու «կարաոկեն» շարունակել բակում՝ «երգացնելով» իրենց ատրճանակները:
Մարինեն իր գազային «Վոլտրան» տեսակի ատրճանակով է 5 անգամ օդ կրակել, իսկ Արթուրն իրեն ամրակցված «Մակարով» ատրճանակով է 8 կրակոց արձակել օդ:
Այս «հրավառությունը» «Աֆրոդիտեի» այցելուները, միգուցե, թնդացրել են նախատոնական տրամադրությամբ՝ մայիսի 28-ին ընդառաջ, այն ժամանակ աջուձախ կրակող մաուզերիստների օրինակով: Բայց կրակոցների վրա անմիջապես վրա հասած ՊՊԾ գնդի ոստիկանները միջամտել ու հասարակական կարգի կոպիտ խախտման առաջն առել են:
Մարինե Խոսրովյանին և Արթուր Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով:








































