Ռուսաստանի հետ զենքի մատակարարման վերաբերյալ կնքված բոլոր պայմանագրերը կատարվում են: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը:
«Իհարկե, ոչ մի կողմ չի կարող հայտարարել այս կամ այն սպառազինության գոյության կամ դրանց մատակարարման վերաբերյալ կնքված պայմանագրերի մասին. դա պետության և զինված ուժերի գաղտնիքների մի մասն է»,- հայտարարել է Ալ-Ասադը՝ պատասխանել այն հարցին, թե արդյոք Սիրիան ստացե՞լ է C-300 համակարգեր:
Նախագահի խոսքերով՝ Ռուսաստանի հետ կնքված բոլոր պայմանագրերը կատարվում են, և ո՛չ ճգնաժամը, ո՛չ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ծոցի երկրների ճնշումները չեն խանգարել դրանց իրագործմանը:
Ալ-Ասադը նշել է, որ Ռուսաստանը Սիրիային մատակարարում է այն, ինչ անհրաժեշտ է երկրի և ժողովրդի պաշտպանության համար:
«Երբ երկրի անվտանգությունը թուլացած է, դա հանգեցնում է նաև տնտեսական վիճակի թուլացման: Եվ այն, ինչ Ռուսաստանը ռազմական պայմանագրերով մատակարարում է Սիրիա, անխոս, կհանգեցնի Սիրիայում տնտեսական իրավիճակի բարելավմանը: Ռուսաստանի տնտեսական աջակցությունը և ռազմական պայմանագրերի հստակ կատարումը զգալիորեն բարելավել են մեր տնտեսական վիճակը»,- հավելել է Բաշար Ալ-Ասադը:










































