Այն տեղեկությունները, համաձայն որոնց ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների հետևանքով զոհվել են Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին և թոռները, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին երեկ հայտարարել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:
Նրա խոսքերով, որը ցիտել է իտալական Ansa գործակալությունը, այդ հաղորդագրությունները ոչ այլ ինչ են, քան Լիբիայի ռեժիմի քարոզչություն և չեն համապատասխանում իրականությանը. «Քադաֆիի կրտսեր որդին Լիբիայում չի գտնվում և բնակվում է այլ երկրում, ինչպես և նրա երեք թոռները», ասել է Բեռլուսկոնին: Այս տեղեկությունները Բեռլուսկոնիին փոխանցել են իտալական հատուկ ծառայությունները:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ՆԱՏՕ-ի ռմբակոծիչներից Քադաֆիի նստավայրին հասցված հարվածներից հետո Լիբիայի իշխանությունները հաղորդեցին Քադաֆիի կրտսեր որդու՝ Սայֆ Ալ-Արաբի և երեք թոռների մահվան մասին, որից հետո Տրիպոլիում տեղի ունեցավ թաղման մեծ արարողություն: Այն, որ Քադաֆիի ընտանիքի անդամները չեն զոհվել, հաղորդոել են նաև այլ աղբյուրներ:








































