Անդրադառնալով երեկ Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղի ունեցած խայտառակ ընտրություններին և վերջինիս պատճառով գյուղում սկսված խռովություններին` «ՀԺ»-ն գրում է, որ աոաջին անգամ գյուղացիները դուրս են եկել փողոց` պաշտպանելու իրենց ձայները և արդարություն պահանջելու: Նրանք համաձայն չեն ընտրությունների նախնական արդյունքների հետ, ըստ որոնց գյուղապետ է ընտրվել գործող գյուղապետ Գագիկ Պողոսյանը:
Երեկ Արագածոտնի մարզի Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավարտել է գյուղապետի ընտրությունների վերահաշվարկը, որի պահանջը ներկայացրել է 57 ձայնի տարբերությամբ պարտված թեկնածու Գագիկ Մելքոնյանը: Ինչպես թերթի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է ԸԸՀ նախագահի տեղակալ Վռամ Աբրահամյանը, վերահաշվարկի արդյունքում 4 ձայնով պակասել են Գ. Մելքոնյանի, 6 ձայնով՝ Գ.Պողոսյանի քվեները:
Ըստ այդմ` Մելքոնյանի քվեների թիվը դառնում է 802, Պողոսյանինը՝ 857, ինչը էապես չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Իսկ ավելի ուշ գյուղապետի թեկնածուներից Գագիկ Մելքոնյանը «ՀԺ»-ին տեղեկացրել է, որ նշվածը վերաբերում է միայն մի տեղամասին: Իսկ մյուս տեղամասում, զմռսված պարկը բացելով, իրենք պարզել են, որ որ այդ պարկից բացակայում են քվեարկված թերթիկները: Ըստ Մելքոնյանի` արձանագրություն է կազմվել, որը ներկայացվելու է դատարան` ընտրությունները անվավեր համարելու պահանջով»:







































