«Կարենը նախընտրեց չընդունել դատավճիռը` փաստելու, որ ինքը դիտավորությամբ չի կրակել իր ընկերոջ` Արսեն Պեպանյանի վրա, և այդ դատական ակտն ապօրինի է ու պետք է վերացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զաքարյանը:
Ավելի քան մեկ ու կես տարի է, ինչ դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվում է Կարեն Անանյանը: Փաստաբանի տվյալներով` սա չի համապատասխանում իրականությանը: Այժմ գործը Վճռաբեկ դատարանում է: Ըստ Արա Զաքարյանի`Վերաքննիչ դատարանն ակնհայտ կամայականություն է արել: Փաստաբանը, ընտանիքի անդամները և նույնիսկ տուժողը դիմել են բոլոր պատկան մարմիններին, մինչև անգամ ՀՀ նախագահին` թույլ տալ ներկայացնել համապատասխան ապացույցներ, բայց ապարդյուն:
«Առաջին ատյանի դատարանը երեք ու կես տարի ազատազրկման դատապարտեց, ընդ որում` այնպիսի տարբերակ էր, որ եթե մենք Վերաքննիչ դատարան բողոք չներկայացնեինք և դատական ակտը մտներ ուժի մեջ, ապա մեծ հավանականությամբ Կարենը կարող էր պատժի կրումից պայմանականորեն ազատվել»,- նշեց Արա Զաքարյանը: Բայց, ըստ փաստաբանի, Կարեն Անանյանը համարում է, որ դատավճիռն ապօրինի, է և գերադասեց մնալ կալանքի տակ` հասկանալով, որ վճռի չբողոքարկման դեպքում շատ կարճ ժամանակ անց ինքը ազատության մեջ կլիներ, և ապացուցել, որ մեղադրանքը կեղծ է:









































