Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 20-ին, ժամը 13-ի սահմաններում մայրաքաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, 22-ամյա Հայկ Հայրապետյանը ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկի պատշգամբից ցած էր նետվել և տեղում մահացել: Դեպքի օրը շրջանառվեցին տեղեկություններ այն մասին, որ մինչ կառավարության մասնաշենքի վեցերորդ հարկից ներքև ընկնելը նախարարության ինքնասպանություն գործած աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել, որից հետո խիստ նյարդայնացել է:
Հիշեցնենք նաև, որ ԳԱԼԱ–ի լրագրողի հետ զրույցում Հայկ Հայրապետյանի գյուղի՝ Արզականի ղեկավար Նորիկ Մովսիսյանն ասել էր, որ Հայկը ինքնասպանություն գործելուց առաջ գործնական հեռախոսազրույց է ունեցել:
Իսկ Հայկ Հայրապետյանի զարմուհին՝ Ռուզաննա Հայրապետյանը, ԳԱԼԱ–ի հետ զրույցում ասել է, որ Հայկը ինքնասպանություն գործել չէր կարող: «Ցավոք Հայկին տեսնում էի միայն լավ առիթների ժամանակ, որոնց էլ նա հազվադեպ էր մասնակցում: Բայց իրոք որ նրա մեջ էր կյանքը, և նա էլ կյանքի մեջ: Ուղղակի նրան ճանաչելով ընդամենը երկու տոկոս եմ հավատում, որ դա ինքնասպանություն էր, քանի որ նա չէր կարող իրեն վնասել, առավել ևս նման ձևով»,- ասել է Հայկի զարմուհին:
Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում









































