Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է պարոն Տոնոյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել Հայկարամ Մխիթարյանին՝ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարելու, նախարարության աշխատանքները կանոնակարգելու եւ կառավարելու համար:
«Պարոն Տոնոյանին ճանաչում ենք որպես պարկեշտ, կազմակերպված կառավարիչ եւ հայրենասեր մարդ ու սպա: Կարծում եմ, որ չնայած մեծ պատասխանատվությանը, նրա համար այս պաշտոնում աշխատելը կլինի հեշտ, հաշվի առնելով այն, որ ԱԻՆ-ը կայացած համակարգ է: Մենք վստահ ենք, որ պարոն Տոնոյանն անձնակազմի օգնությամբ իր առջեւ դրված բոլոր խնդիրները կիրականացնի»,- ասել է Կարեն Կարապետյանը եւ տվել հանձնարարականներ:
Վարչապետը հանձնարարել է 2016 թվականից ուժի մեջ մտած օրենքների փաթեթի հիման վրա իրականացնել եւ ապահովել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ամբողջական կազմավորումն ու դրանց առջե դրված խնդիրները:
«Պարոն Տոնոյանից ակնկալում ենք կարգավորել ու կանոնակարգել սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքների իրականացումը, զարգացնել աղետների վաղ ազդարարման համակարգը. դրա ներդրման աշխատանքները 10 համայնքներում պետք է իրականացվեն կառավարության ծրագրի ընդունումից հետո՝ վեցամսյա ժամկետում: Անհրաժեշտ է փրկարարական, վթարավերականգնողական աղետների հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների առավել ակտիվ կազմակերպում ու իրականացում, այդ թվում՝ ՀՀ կառավարության 2017 թվականի միջոցառումների ծրագրի գերակա խնդիրներում ներառված համայնքներում աղետների ռիսկի բացահայտման եւ գնահատման համակարգի փուլային ներդրում՝ գերակա խնդրի միջոցով»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ նպատակն է այդ համակարգը ներդնել ու փորձարկել 10 համայնքներում, այնուհետեւ շարունակական ծրագրերի միջոցով այն տարածել այլ համայնքների վրա:
Վարչապետը հանձնարարել է ընդլայնել կամավորական փրկարարական կազմավորումների գործունեությունն ու կարեւորել կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնումն ու դրանց աշխատանքների ընդլայնումը: Գործադրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է հետեւողականորեն իրականացնել ՀՀ կառավարության 2017 թվականի միջոցառումների եւ գերակա խնդիրների ծրագրում ներառված Գեղարքունիքի մարզի Շորժա եւ Սյունիքի մարզի Գորայք համայնքներում կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնումը:
Կարեն Կարապետյանը կարեւորել է նաև պետական պահուստի պաշարների համալրման հետ կապված խնդիրների վերհանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, հնարավոր բարեփոխումների իրականացումը, ինչպես նաեւ այլ գործառույթների նկատմամբ անձնական հսկողության սահմանումը, այդ թվում՝ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ապահովման, մթնոլորտային երևույթների ռեակտիվ ներգործության, հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական ծրագրի մշակման աշխատանքների եւ դրանց մոնիթորինգների իրականացման ուղղությամբ:
Հիշեցնենք, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը թափուր էր մնացել Արմեն Երիցյանի մահից հետո: Վերջինս իր մահկանացուն կնքել էր «Նաիրի» բժշկական կենտրոնում 2016 թվականի դեկտեմբերի 13-ին:














































