Կրեմլում անթույլատրելի և վիրավորական են համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ ամերիկյան Fox News հեռուստաընկերության լրագրողի խոսքերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ լրագրողը Պուտինին անվանել է «մարդասպան»։
«Անկեղծ ասած, իհարկե, կնախընտրեինք, որ նման հեղինակավոր հեռուստաընկերությունը ներողություն խնդրեր նախագահի հասցեին հնչեցված հայտարարության համար»,-մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։
Լրագրողը Թրամփին հարցրել է՝ ինչպես է վերաբերվում Պուտինին, ի պատասխան ԱՄՆ նախագահը նշել է, որ հարգում է նրան, ինչպես շատ մարդկանց, բայց դա չի նշանակում, որ լավ հարաբերություններ ունի նրա հետ։
«Բայց նա մարդասպան է»,-ասել է լրագրող Բիլ Օ՛Ռայլին։
«Մարդասպանները շատ են։ Մեզ մոտ նույնպես շատ մարդասպաններ կան։ Դուք կարծում եք, որ մեր երկիրը անմե՞ղ է»,-պատասխանել է Թրամփը։











































