Արդեն մի քանի ամիս է, ինչ մի խումբ ազատամարտիկներ բողոքի ալիք են բարձրացնում: Նրանց մի մասը դժգոհում է սոցիալական խնդիրներից, մյուս մասն էլ երկրում համակարգային փոփոխություն է պահանջում:
Համակարգային փոփոխություն արդեն տարիներ շարունակ Հայաստանում պահանջում են նաև ընդդմադիր կուսակցությունները: Կկարողանա՞ն ազատամարտիկները դառնալ քաղաքական գործոն և կհասնե՞ն արդյոք հաջողության: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց քաղաքագետների միության նախագահ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանից:
Քաղաքագետը նշեց, որ հաջողության հասնելու համար ազատամարտիկներին պետք է միանան նաև մի շարք քաղաքացիական խմբեր և հասարակական կազմակերպություններ․«Այս շարժման առանձնահատկությունն այն է, որ, նախ, ընտրությունների առիթով չէ այս ակտիվացումը, երկրորդ՝ շարժման մեջ ներքաշվել են ազատամարտիկների այն զանգվածները, ովքեր քաղաքականացված չէին և մինչև հիմա, ի տարբերություն մյուսների, օրինակ՝ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, որևէ քաղաքական ուժի մաս չեն կազմել:
Մենք տեսնում ենք, որ նրանց բողոքը կապված է ոչ թե ընտրությունների, այլ երկրի վիճակի հետ՝ խորացող տնտեսական ճգնաժամի, ահագնացող արտագաղթի հետ:
Մենք ուշադիր հետևում ենք, նրանք նաև Քաղաքագետների միություն են դիմել՝ խորհրդակցելու քաղաքական զարգացումների շուրջ: Կարծում եմ՝ նրանք հեռանկարային մոտեցում են որդեգրել՝ հեռու պահելով այդ շարժումը կուսակցապետերի ազդեցություններից, կուսակցակամանումից:Այսինքն՝ շարժումն իր բնույթով քաղաքական է, բայց ապակուսակցական»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ եթե քաղաքացիական հարթության վրա գործող հասարակական լուրջ կազմակերպությունները՝ ոչ կառավարական, աջակցեն այս շարժմանը, համախմբվեն այս շարժման շուրջ, և բացի նրանցից՝ նաև երիտասարդական կազմակերպություները, իրավապաշտպան կազմակերպությունները միանան, ապա սա կարող է դառնալ նախաձեռնություն, որն ի զորու կլինի արմատական բարեփոխումներ անել․ «ՔՄ են դիմում ջոկատների հրամանատարները, մենք նրանց օգնում ենք խորհուրդներով, հաճախ են լինում քաղաքագետների միությունում:
Եթե քաղաքացիական հարթակում գործող լուրջ կազմակերպությունների հետ խորացավ համագործակցությունը, և եթե նրանք պաշտպանեն այս շարժումը, անշուշտ կստեղծվի լուրջ ուժերի միավորում, որն ունակ կլինի քաղաքացիական գետնի վրա ծավալել այնպիսի հզոր շարժում, որը, ի տարբերություն կուսակցականների, կարող է արդյունավետ լինել»:
Հարցին, թե կարո՞ղ են ազատամարտիկները իշխանության համար վտանգ ներկայացնել, թե՞ քանի որ հիմա հանդարտ քաղաքական շրջան է, լուրջ ցնցումներ լինել չեն կարող, քաղաքագետը պատասխանեց․ «Մեր իշխանություններն ամեն բանի հետևում տեսնում են դավադրություն, վտանգ, իրենց դեմ արված քայլ, իրենց իշխանությունը խլելու վտանգ: Երբ ես նախաձեռնեցի միասնական շտաբի ձևավորվումը քաղաքացիական մեր մասնագիտական լսումների հիման վրա, ապա այդ նախաձեռնությանը միս ու արյուն հաղորդեցի, իշխանությունները դա դիտարկեցին որպես իրենց դեմ ուղված քայլ:
Իսկ հիմա ես բոլորի հետ խոսել եմ. բոլորն էլ միակարծիք են, որ սա պայքար չէ ինչ-որ անձերի մեկ այլ անձով փոխելու համար, սա պայքար է լուրջ, համակարգային բարեփոխումների համար»:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով՝ երկիրը դատարկման վտանգի առջև է, արտագաղթը գնալով ավելի մեծ թափ է հավաքում, և այս պայմաններում ազատամարտիկների բողոքն ու վրդովմունքը միանգամայն հասկանալի են․ «Հանդարտ իրավիճակի մասին խոսք լինել չի կարող: Երկրի վիճակը գնալով վատթարանում է, և ի՞նչ կարևոր է, թե նրանք երբ են սկսել պայքարել՝ 2008-ի՞ն, թե՞ հիմա: Պարզապես նրանց շարժումն ապակուսակցական է, դրա համար էլ ընտրությունների արդյունքներով պայմանավորված չէ»:






































