Նախօրեին գերեվարված ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հյուսեինզադեի մայրը հերքել է պաշտոնական Բաքվի վարկածն առ այն, որ իր որդին ադրբեջանական ԶՈւ-ի զինծառայող չէ:
Համացանցում տարածված տեսանյութում Սաիդա Հուսեյնովան հայտնել է, որ իր որդին զինվորական պարտադիր ժամկետային ծառայությունից հետո վերադարձել է հայրենի գյուղ, սակայն գործազրկության պատճառով 4 ամիս առաջ կրկին վերադարձել է ծառայության: Նա նաև նշել է, որ վերջին անգամ իր տղան տանն է եղել դեպքից մեկ օր առաջ:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ծառայության ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, ծառայության չի ներկայացել, իսկ հետագայում զորացրվել է ԶՈւ-ի շարքերից եւ ներկայում իբրև թե Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում չէ:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:










































