ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց 23 տարի առաջ այս օրն ընդունված Անկախության հռչակագրի մասին, նշելով, որ այդ փաստաթուղթն ինքնին անկախության ակտ էր:
Նա ասաց, որ Հռչակագրից հետո չկար հետևողականություն, և կար դավաճանություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմակիցների կողմից. «Հռչակագրով պետք է կյանքի կոչվեին 1988 թվականի որոշումները, որով Արցախը Հայաստանի անքակտելի մասն էր, սակայն Արցախն իրեն անկախ հռչակեց, և սխալը եղավ սխալի հետևից»:
Պարույր Հայրիկյանը նշեց նաև, որ Հռչակագրով պետք է բանակ ստեղծվեր, սակայն բանակի հիմնադիր համարվող Վազգեն Սարգսյանն ասում էր, որ մեր տղաները պետք է ծառայեն Վանաձորի ռուսական գումարտակում, որն, ըստ բանախոսի, ևս դավաճանական քայլ էր:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ 1918 թվականից երկու բան պետք է ժառանգեինք. առաջինը՝ խորհրդարանում պետք է գերակշռեին համամասնականով ընտրված պատգամավորները, սակայն մեծամասնականը գերակշռեց, և երկրորդը՝ Սահմանադրությունը պետք է ընդունվեր Սահմանադիր ժողովի միջոցով, սակայն դրան էլ հավատարիմ չմնացինք. «Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները կատարյալ խուժանություն արեցին: Նախագահը ընտրված խորհրդարանը ցանկացած պահի կարող էր ազատել»:
Այնուամենայնիվ, նա ասաց, որ Հռչակագիրը շատ կարևոր փաստաթուղթ էր, որովհետև իրավաբանորեն ամրապնդվեց անկախ պետականություն ունենալու գաղափարը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Պարույր Հայրիկյանն ասաց, որ համազգային ստորագրահավաք են ուզում կազմակերպել՝ երկրում բացարձակ ժողովրդավարություն հաստատելու համար: Այդ ծրագիրը հիմնված է նրա հեղինակած «Բացարձակ ժողովրդավարություն» գրքի վրա, որը, ինչպես նա շեշտեց, մասնագետներն անվանում են «հայկական նավթ»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































