«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է «Էյր Արմենիա» ընկերության հիմնադիր Վահան Հարությունյանը
«Էյր Արմենիա» ավիաընկերությունն անորոշ ժամանակով հետաձգել է Երևան-Մոսկվա չվերթը: Ընկերության սեփականատեր Վահան Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա առաջին չվերթը:
Հիշեցնենք, որ հայկական միակ՝ «Արմավիա» ավիաընկերության կողմից թռիչքները դադարեցնելու և սնանկացման գնալու մասին հայտարարությունից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց ավիացիոն ոլորտը ազատականացնելու մտադրության մասին: Դրանից հետո բեռնափոխադրումներ իրականացնող «Էյր Արմենիա» ընկերությունն առաջինն էր, որ ՀՀ իշխանությունների կողմից ստացավ դեպի Ռուսաստանի վեց քաղաքներ՝ Մոսկվա, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Ռոստով, Կրասնոդար, Սամարա չվերթներ իրականացնելու լիցենզիան: Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա»-ի հիմնադիր Վահան Հարությունյանը ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբայրն է: Իսկ այդ ընկերությունը հիմնադրվել է 2003թ. ապրիլին, հիմնադիրներից է նաև Ռուզաննա Թովմասյանը: «Առաջին լրատվական»-ը «Էյր Արմենիա»-ի առաջիկա գործունեության մասին խոսել է Վ.Հարությունյանի հետ:
– Պարոն Հարությունյան, ինչո՞ւ հետաձգեցիք դեպի Մոսկվա առաջին չվերթը:
– Ընդհանրապես, օդանավ բերելը որոշակի գործընթաց է, որը ենթադրում է տարբեր փուլեր: Ներկայումս օդանավ ներկրելու գործընթացն է, հետո ՀՀ ավիացիոն իշխանություններում լինելու է գրանցման հարցը և այլն:
– Որտեղի՞ց է ներկրվում օդանավը:
– Դա տեղի է ունենում Եվրոպայում: Մենք պայմանագիր ունենք օդանավի լիզինգատուի հետ, որն էլ ապահովում է այդ գործընթացները: Լիզինգատուն պետք է մեր պահանջներին համապատասխան պատրաստի օդանավը, դրան հետևելու է, ինչպես ասացի, գրանցումը, որից հետո օդանավը կարող է շահագործվել հայաստանյան փոխադրողի կողմից:
– Ո՞ր ընկերությունն է ձեր օդանավի լիզինգատուն:
– Դա կոմերցիոն գաղտնիք է:
– Դուք նախորդ անգամ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էիք՝ «ձգտելու ենք, որ մեր ծառայությունը և՛ բովանդակային, և՛ գնային առումով լինի հրապուրիչ»: Մեր ընթերցողներին և ուղևորներին հավանաբար նախ կհետաքրքրի, թե ինչ արժեն այդ ուղղություններով թռիչքների տոմսերը: Կարո՞ղ եք ասել, թե Երևան-Մոսկվա կամ Երևան-Սոչի չվերթի տոմսն ինչ կարժենա:
– Մենք հայտարարելու ենք այդ մասին: Ես այս պահին չեմ կարող կոնկրետ որևէ թիվ հայտնել, բայց ավիափոխադրումների սակագները տարբեր են լինում, և դրանց նկատմամբ կիրառվում են տարբեր կանոններ: Կան տոմսեր, որոնց նկատմամբ կիրառվելու են որոշակի սահմանափակումներ: Օրինակ, հնարավոր է սահմանափակում լինել, որ ուղևորը չի կարող փոխել թռիչքի օրը կամ էլ կարող է փոխել որոշակի տուգանային պայմանով: Այնպես որ մի ընդհանուր սակագին չկա: Մի չվերթի վրա նույն սպասարկման կարգով նախատեսվում են տարբեր սակագներ, մի գին չէ, որ ես Ձեզ հայտնեմ:
– Իսկ այդ գները ե՞րբ պարզ կլինեն:
– Մենք կհայտարարենք այդ մասին, երբ որ կոնկրետ կհայտնենք չվերթի ամսաթիվը:
– Մինչև ե՞րբ եք հետաձգելու թռիչքները կամ ե՞րբ եք նախատեսում առաջին թռիչքը:
– Դա հետաձգում չէ, մենք նախապատրաստական փուլում ենք, և դա տարբեր գործընթացներ են նախատեսվում, որոնց իրականացման ընթացքում ենք: Երբ դրանք ավարտին մոտ լինեն, մենք կոնկրետ օրը կհայտարարենք:
– Այնուամենայնիվ, սեպտեմբերին թռիչք կիրականացնե՞ք, թե՞ դա ավելի ուշ կլինի:
– Մենք ձգտում ենք հնարավորինս շուտ սկսել մեր գործունեությունը, բայց, ինչպես նկարագրեցի, այդ գործընթացները պետք է ավարտենք, ավարտելուն պես կսկսենք թռիչքները:
– Առայժմ դուք ունեք դեպի Ռուսաստան 6 չվերթ իրականացնելու իրավունք: Իսկ ընդլայնելու մտադրություն ունե՞ք:
– Իհարկե, ունենք՝ դեպի այլ երկրներ:
– Այդ մտադրությունների իրականացումն ի՞նչ փուլում է:
– Դա նույնպես չեմ կարող հայտնել, որովհետև այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում: Յուրաքանչյուր երկրի դեպքում իրականացվելու են գործընթացներ, որտեղ համապատասխան օդանավակայանների հետ պետք է հստակեցվի ընթացակարգը, պետք է ստորագրվեն պայմանագրեր և այլն: Օդանավակայաններից պետք է ստացվեն ժամանակահատվածները, թե երբ են պատրաստ ընդունել և սպասարկել մեր չվերթը:
– Հայտնի է, որ «Արմավիայի» և «Զվարթնոց» օդանավակայանի միջև բավականին լուրջ և երկարատև ֆինանսական կոնֆլիկտ կար: «Զվարթնոց»-ը դժգոհում էր, որ «Արմավիան» ժամանակին չի վճարում օդանավակայանի սպասարկման վարձերը և հսկայական պարտքեր է կուտակել, «Արմավիան» էլ դժգոհում էր, որ «Զվարթնոցի» սակագները շատ բարձր են: Ձեր դեպքում նույնպես օդանավակայանը սպասարկման նման բարձր գներ են սահմանել:
– Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ սակագները ուղղակիորեն կախված են չվերթերի և փոխադրումների այն ծավալներից, որոնք իրականացվում են օդանավակայանի միջոցով: Եվ այդ աճի պարագայում կարելի է կատարել սակագների վերանայում: Իսկ ընդհանրապես պետք է ասեմ, որ «Զվարթնոցի» սակագները շատ ցածր չեն, բայց շատ չեն տարբերվում միջազգայնորեն կիրառվող սակագներից, և մենք ակնկալում ենք, որ ժամանակի ընթացքում փոխադրումների ծավալների աճին համապատասխան կվերանայվեն և կնվազեցվեն դրանք:
– Նախկինում «Զվարթնոց» օդանավակայանում ավիաընկերություններին սնունդ մատակարարող միակ ընկերությունը «Ավիասնունդն» էր: Եվ կարծիք կար, թե իր մենաշնորհային դիրքի շնորհիվ այդ ընկերությունը բավականին թանկ էր վաճառում ավիասնունդը, որի արժեքը մտնում է ավիատոմսի մեջ և զգալիորեն բարցրացնում այն: Ձեր պարագայում նո՞ւյնպես այդ վիճակն է:
– «Զվարթնոց» օդանավակայանում ներկայումս ավիասնունդ մատակարարող միակ ընկերությունը «Ավիասնունդ» ընկերությունն է, այլ օդանավակայաններում՝ համապատասխանաբար այլ ընկերությունները: Ավիասննդի արժեքը բնականաբար մտնում է ավիատոմսի արժեքի մեջ և կախված է այն բաղադրիչներից, որը պատվիրվում է: Ես կարող եմ ասել, որ նրանց սակագները համահունչ են ընդհանրապես այլ կազմակերպությունների կողմից կիրառվող սակագների հետ, էական տարբերություն չկա:
– Փաստորեն, եթե «Զվարթնոցի» և «Ավիասնունդի» սպասարկման գները նախկինի նման բարձր են, դժվար թե ձեր ընկերության ավիատոմսերի գները հրապուրիչ լինեն: Հատկապես որ ավիոկերոսինի դեպքում նույնպես մենաշնորհային վիճակ է: Ավելին՝ դուք այն գնելու եք ոչ թե ներկրող ընկերությունից, այլ «Զվարթնոց» օդանավակայանից, որն ինքն է գնելու այդ ընկերությունից:
– Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից կարգավորվում է ավիավառելիքի վերադիր ծախսերի հարցը, որոնք կիրառվում են «Զվարթնոցի» կողմից: Իսկ այդտեղ էական դեր խաղում է այն հանգամանքը, թե միջազգային շուկայում ավիավառելիքի ինչ գին է ձևավորվում:
– Հայտնի է, որ ՀՀ շատ քաղաքացիներ այժմ, «Արմավիայի» գործունեության շրջանում էլ նախընտրում էին արտերկիր թռչել Վրաստանից: Կարո՞ղ եք այնպիսի սակագին առաջարկել, որ մեր քաղաքացիները նախընտրեն ձեր ընկերությունը:
– Անշուշտ, պետք է այնպես անենք, որ ոչ միայն մեր ուղևորը օգտվի Հայաստանից կատարվող չվերթերից, նաև հարևան երկրներից, մասնավորապես Վրաստանից ուղևորները նախընտրեն թռչել մեր երկրով: Պետք է նշեմ, որ 1997թ. մենք նման փորձ ունեինք՝ «Հայկական ավիաուղիներն» իրականացնում էր չվերթեր այնպես, որ Վրաստանի ուղևորներն օգտվում էին Հայաստանի ավիաուղիների ծառայություններից: Բնականաբար, մենք էլ պետք է ձգտենք դրան:
– ՌԴ այդ 6 ուղղություններով չվերթեր իրականացնելու համար ունեք լիզինգով վերցված մեկ օդանավ, նախատեսում եք վերցնել երկրորդը: Այդ երկուսը բավարա՞ր են վեց ուղղություններով թռիչքներ իրականացնելու համար, հատկապես որ դրանք այն քաղաքներն են, որոնք ՀՀ ուղևորների կողմից մեծ պահանջարկ են վայելում:
– Այդ ուղղություններով այն չվացուցակը, որ մենք ներկայումս ունենք՝ այո: Կոնկրետ Երևան-Մոսկվայի դեպքում լինելու է ամենօրյա չվերթ: Մնացած ուղղություններն էլ այնքան մեծ չեն, որ մենք ունենանք ամենօրյա չվերթ: Բայց մենք պատրաստվում ենք ավելացնել թե՛ օդանավերի, թե՛ ուղղությունների քանակը: Նախատեսում ենք մեր չվերթերի աշխարհագրությունն ընդլայնել, դրա համար, բնականաբար, վարձակալելու ենք լրացուցիչ օդանավեր:








































