Այսօր, երբ մենք նշում ենք Հայաստանի անկախության հռչակագրի հերթական տարեդարձը, որպես հասարակություն, պետություն և ժողովուրդ՝ մեր օրակարգի թիվ մեկ և, ըստ էության, ելակետային խնդիրը հենց անկախությունն է, ինքնիշխանությունը: Այդ խնդրի առկայության պարագայում անկախության հռչակագրի տոնը դառնում է, այսպես ասած, զուտ ֆորմալ անկախության հռչակագրի տոն, իսկ իրականում Հայաստանն ունի ոչ թե տոնելու, այլ անկախությունը վերանվաճելու խնդիր:
Բանն այն է, որ երկու տասնամյակից ավել պետական կառավարման հետևանքով Հայաստանն այսօր կորցրել է ինքնիշխանությունը: Հայաստանի տնտեսության գերակշիռ մեծամասնությունը գտնվում է մեկ այլ պետության՝ Ռուսաստանի ենթակայության տակ: Ռուսաստանին են պատկանում Հայաստանի էներգետիկ հզորությունները: Ռուսաստանը հավակնում է Հայաստանի համար ռազմավարական բոլոր ենթակառուցվածքներին, Ռուսաստանի ռազմաբազաները գտնվում են Հայաստանի տարածքում, և Հայաստանն այդքանից հետո դեռ վճարում է այդ բազաների կոմունալ ծախսերը, ու ոչ մի լումա չի վերցնում դրանց տեղակայման համար: Եվ այդ ամենից բացի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարում է, որ առանց իրենց՝ մենք կորած ենք, մենք ոչինչ ենք: Ռուսները մեզ համարում են ֆորպոստ, մեզ համարում են իբր դաշնակից, բայց ում ասես ներում են իրենց միլիարդավոր պարտքերը, իսկ Հայաստանին չեն ներում անգամ 100 միլիոնը, ու չեն տալիս անգամ անհրաժեշտ վարկերը:
Հարկ եղած դեպքում Ռուսաստանը կարող է խալաթ հագցնել մեր համաքաղաքացուն, կարող է իր ռազմավարական գործընկերոջ գազն ուզածի պես թանկացնել, մեր ոխերիմ թշնամուն կարող է մինչև մազերի ծայրը զինել, սկինհեդների միջոցով զգուշացնել հայերին: Ռուսաստանը Հայաստանից պահանջում է որևէ այլ երկրի հետ հարաբերվելիս առաջին հերթին՝ իր, հետո նոր սեփական շահերով առաջնորդվել: Այս ամենը չափազանցություն չէ, այս ամենը դառը իրականություն է, որին հասել ենք տարիների հետևողական անկենսունակության, պետության ապագայի հանդեպ անտարբերության, ինչպես նաև հասարակական-քաղաքական ապատիայի և գաղափարազուրկ իրավիճակի պայմաններում:
Իշխանությունը իր իսկ դիրքերի ամրության համար քայլ առ քայլ հանձնել է երկիրը Ռուսաստանին: Եվ այսօր, երբ տոնում ենք անկախության հռչակագրի տոնը, մեր օրակարգում ելակետային հարցը հենց իրական անկախության հարցն է, որպեսզի մենք լինենք մեր ճակատագրի, մեր ազգային հարստության, մեր պետության տերը, որպեսզի միակողմանի կախվածություն չլինի ո՛չ Ռուսաստանից, ո՛չ որևէ մեկից:
Ինքնիշխանության հարցը պետք է դրվի Հայաստանի հասարականա-քաղաքական միջավայրի ամենատեսանելի վայրում, և քաղաքացիները պետք է բոլոր ուժերին պարտավորեցնեն առաջին հերթին վերաբերմունք, դիրքորոշում հայտնել այդ հարցի վերաբերյալ, տալ այդ հարցի ամբողջական գնահատականը: Եվ դա կլինի ինդիկատոր յուրաքանչյուր ուժի ադեկվատության համար:
Ընդ որում, ինքնիշխանության վերականգնման հրամայականը ոչ թե պահանջում է Հայաստանից քշել ինչ-որ մեկին, տվյալ դեպքում՝ ասենք, Ռուսաստանին, այլ Հայաստանից քշել հենց ինքներս մեզ, ավելի շուտ՝ մեր այն տեսակին, որի կա՛մ հանցավոր մասնակցությամբ, կա՛մ հանցավոր անտարբերությամբ, մեղսակցությամբ, թողտվությամբ, ահագությամբ ու դաժանությամբ Հայաստանը հասել է ներկայիս վիճակին, և անկախության հռչակագրից 23 տարի անց ինքնիշխանության խնդիրը առավել արդիական է, քան հենց անկախության սկզբին:









































