«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
– Պարոն Հարությունյան, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը և սահմանին իրավիճակի սրմանը զուգահեռ Հայաստանում ակտիվանում են քննարկումները կամ բանավեճերը, թե ի վերջո ի՞նչ մարտավարության պիտի հետևեն Հայաստանն ու Արցախը պաշտպանության մեջ, այդ մարտավարությունը պիտի լինի պաշտպանողական բնույթի, թե՞ հայկական կողմը պիտի նախահարձակ լինի: Ինչպե՞ս ստիպել Ադրբեջանին չկրակել, ինչպե՞ս զսպել ադրբեջանական կողմին ռազմական առումով:
– Շատ արդիական հարց է: Բնական է, հասարակությունը քննարկում է, բայց այս հարցին պետք է մոտենալ զուտ պրոֆեսիոնալ տեսանկյունից և գնահատել ռազմավարական և մարտավարական մոտեցումները: Պատերազմը, դիվերսիոն գործողությունները կանխելու ռազմավարական մոտեցումը կայանում է նրանում, որ մենք առաջինը՝ մշտապես պիտի ապահովենք մեր բանակի մարտունակությունը, երկրորդը՝ ապահովենք ռազմաքաղաքական բալանսը Ադրբեջանի հետ, և ամենակարևորը՝ ներսի կյանքում պիտի այնպես անենք, որ Ադրբեջանը հասկանա մի բան՝ հայ ժողովուրդը միշտ պատրաստ է մտնել պատերազմի մեջ և հասնել հաղթանակի: Սա շատ կարևոր է: Լրատվական դաշտում նույնպես չպիտի լինեն նմանատիպ խոսակցություններ, թե «ինչքա՞ն կարող է սա շարունակվել», հնչեն մտքեր, թե մենք պիտի գնանք զիջումների, մեր տնտեսությունը երկար չի դիմանա և այլն, և այլն: Սա էլ տեղեկատվական պատերազմի բաղադրիչ մի մասն է, որը աջակցում և խրախուսում է այդ դիվերսիաները: Ինչո՞ւ: Եթե ուշադիր ուսումնասիրենք, օրինակ, Իլհամ Ալիևի ելույթը Թարթառում նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին, նա դրա մասին է խոսում:
– Որ «մենք կվերադառնանք…»
– Այո, «մենք կվերադառնանք»: Խոսքը նույնիսկ Ղարաբաղի մասին չէ, խոսքը այն մասին է, թե «Երևան կմտնենք, Զանգեզուր… խաղաղ ճանապարհով»: Իսկ ո՞րն է խաղաղ ճանապարհը. հայկական պետությունը կկազմալուծվի, հայերը կգնան այստեղից և հայերը չեն ուզում կռվել: Դրա համար, որպեսզի կանխենք այդ դիվերսիոն գործողությունները, պետք է նաև սա գիտակցենք:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պիտի անենք մարտավարական օղակում, ապա առաջինը՝ չի կարելի անպատասխան թողնել ադրբեջանցիների որևէ գործողություն շփման գծում: Նրանք պիտի հասկանան, որ դա ստանալու է պատիժ, ավելի խիստ պատիժ, և իրենք ավելի շատ կորուստներ են ունենալու: Ես գիտեմ, որ մեր բանակը այդ ոճով էլ գործում է՝ եթե իրենք իրականացնում են մեկ դիվերսիա կամ այլ գործողություն, ապա մեր բանակը պատասխանում է դրան:
Ինչ վերաբերում է այն մոտեցմանը, որ պետք է նախահարձակ լինել, ապա նախ պետք է հասկանանք, թե ինչ է դա նշանակում: Նախահարձակ լինել՝ նշանակում է, որ մենք սկսենք գործողություններ, բայց ես այստեղ ուզում եմ նկատել, որ սա դասական պատերազմ չէ, սա հակամարտություն է: Կա համանախագահների խումբ, միջազգային մոտեցում այս հարցին, և այստեղ կարևոր է ճիշտ քաղաքականություն վարել՝ ռազմական և ռազմաքաղաքական: Կարող ես, ասենք, վերցնել մի փոքր տարածք, բայց կորցնել միջազգային աջակցությունը և ընդհանրապես պարտություն կրել պատերազմում, այնպես որ այս հարցին պետք է մոտենալ շատ ճկուն ձևով՝ գիտակցելով ստեղծված իրավիճակը: Օրինակ եմ բերում Ապրիլյան պատերազմը. Ադրբեջանը վերցրեց մի փոքր տարածք, բայց կորցրեց ռազմաքաղաքական առումով: Եվ եթե ուշադիր հետևում եք՝ այսօր բանակցություններ չեն գնում, հայկական կողմը շատ կոշտ դիրքորոշում է որդեգրել և ճիշտ է արել, որ ասել է՝ ոչ մի բանակցություն չի կարող լինել, որովհետև պետք է գործի դրվի մեխանիզմը, թե ով է խախտում զինադադարը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է դրանից, և բոլորին պարզ է դառնում, որ նա ինքն է խախտում զինադադարի պայմանագիրը:
– Բայց կարծես թե դա այնքան էլ չի հետաքրքրում Մինսկի խմբին, կամ եթե հետաքրքրում է, նրանք երբեք չեն նշում, թե ով է խախտում հրադադարը, ով է նախահարձակ լինում, և դա խրախուսում է Ադրբեջանին:
– Գիտեք, երբ մենք խոսում ենք այդ հարցերից, պետք է փորձենք դուրս գալ մեր հայացքի շրջանակներից և նայել այլ տեսանկյունից: Սա բնական է՝ մենք ուզում ենք, որ նրանք՝ Ամերիկան, Ֆրանսիան և Ռուսաստանը կոշտ հայտարարություններ անեն, բայց միջնորդների կողմից չեն լինում այդպիսի բաներ, որովհետև իրենք այլ խնդիր են լուծում: Պատկերացրեք՝ վաղը նրանք հայտարարեն, որ Ադրբեջանն է հարձակվել, բնական է՝ Ադրբեջանը կհրաժարվի, կասի՝ հայերն են սկսել: Բայց իրենք ապացույցներ չունեն, չկան խաղաղապահ ուժեր, հետաքննության մեխանիզմներ: Ինչո՞ւ է Ալիևը խուսափում այդ մեխանիզմներից, որովհետև այն ժամանակ համանախագահները իրավական հիմք կունենան ասելու, որ «դուք եք խախտել»: Հիմա նրանք այդպիսի հիմք չունեն: Իհարկե, մենք էլ հասկանում ենք, որ քաղաքական առումով մեզ պետք չի այդ ամենը: Մենք մեր խնդիրը լուծել ենք և մեզ պետք չի պատերազմ, իրենց է պետք: Բայց համանախագահները գիտակցում են, որ ադրբեջանցիների կողմից է լինում խախտումը: Ես չէի ասի, թե ադրաբեջանցիների հանդեպ վերաբերմունքը ավելի մեղմ է: Հակառակը, եթե ուշադիր հետևենք Ադրբեջանի հայտարարություններին, նրանք բողոքում են Մինսկի խմբից, ասում են՝ գործ չի անում, որևէ մի լուծում չի առաջարկում, համանախագահները սուբյեկտիվ են, բռնել են Հայաստանի կողմը: Եթե հիշում եք, Իլհամ Ալիևը ուղղակի մեղադրեց և՛ Ռուսաստանին, և՛ Ֆրանսիային, և՛ Միացյալ Նահանգներին՝ ասելով, թե իրենք մեզ չեն աջակցում, որովհետև մենք մուսուլմանական պետություն ենք, և դա դիվանագիտական պարտություն է:
– Ի՞նչ է այսօր կատարվում հակամարտության կարգավորման գործընթացում, ավելի ճիշտ՝ ինչո՞ւ չկան բանակցություններ: Իլհամ Ալիևը վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարել է, թե Ադրբեջանին ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հետո հայտարարեց, թե Ադրբեջանը երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այսպիսի պայման է դրվել Ադրբեջանի առջև Հայաստանի կամ համանախագահների կողմից, որ պետք է լուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ի՞նչ է փոխվել հիմա:
– Հիմա բանակցությունների սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները: Եթե մենք դրան նայենք որպես նախագիծ, բանակցությունների հիմք, ապա այնտեղ հստակ գրված է մի բան՝ անցկացնել հանրաքվե: Իսկ դա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ ճանաչվում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով, և բնական է, որ սա չի բխում Ադրբեջանի շահերից: Սա փաստաթուղթ է, որը նպաստավոր է հայկական կողմի համար: Այնտեղ կան բաներ, որոնք մեզ համար ընդունելի չեն, բայց խնդիրը դրանում չէ:
Ապրիլյան գործողություններից հետո նա գնաց այդ քայլին, որպեսզի բերեն մի նախագիծ, որը բխում է Ադրբեջանի շահերից, բայց ստացվեց հակառակը: Ճիշտ եք ասում, որ հիմա բանակցություններ չեն ընթանում: Հիմա մեկ պահանջ է դրված ոչ միայն Հայաստանի կողմից, այլ համանախագահները փաստացի պաշտպանեցին մեր մոտեցումը, որ պետք է ներդրվեն այդ մեխանիզմները: Եվ հիմա Ադրբեջանը գտնվում է դիվանագիտական ծուղակում, չի կարող դուրս գալ այդ ծուղակից: Նա համաձայնություն է տվել, հիմա չի իրականացնում այդ ծրագիրը, մյուս կողմից՝ ուզում է, որ բերեն կարգավորման այնպիսի տարբերակ, որը նպաստավոր կլինի իրենց համար, համանախագահները չեն գնում դրան, որովհետև հայկական կողմը օբյեկտիվորեն իրավունք ունի չբանակցել և չընդունել այդ գործընթացը, հետևաբար մենք գտնվում ենք այն իրավիճակում, երբ Ադրբեջանը, ունենալով նպատակ արագ լուծել խնդիրը և դա անել միջազգային հանրության, համանախագահների միջոցով, գտնվում է փակուղու մեջ:
– Այս իրավիճակում Ադրբեջանը կարո՞ղ է փորձել կրկին սրել իրադրությունը, հրահրել նոր էսկալացիա շփման գծում՝ դիվանագիտական գործընթացի վրա ազդելու նպատակով:
– Ճիշտ հարց եք տալիս: Այո, իր զինանոցում մնում է միայն այդ գործիքը: Ադրբեջանը հիմա նորից փորձելու է գնալ այդ քայլերին՝ լարվածություն մտցնել շփման գծում, դրանով շանտաժի ենթարկել, որպեսզի գործընթացը առաջ գնա, բայց նա զրկված է այդ հնարավորությունից մոտ ժամանակներում, որովհետև տարածաշրջանում գնում են գործընթացներ, որոնք ի նպաստ Ադրբեջանի չեն: Առաջինը ռուս-թուրքական հարաբերություններն են: Թուրքիան գնաց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, որովհետև մտավախություն ունեցավ, որ Ռուսաստանի հաղթանակից հետո քրդերը Սիրիայում կստանան անկախություն, իսկ դա կբերի նրան, որ քրդերը կակտիվանան Թուրքիայի տարածքում: Եվ հիմա Թուրքիան գնում է Ռուսաստանի հետ մերձեցման՝ լուծելով իր խնդիրը: Այս պարագայում նա թույլ չի տա Ադրբեջանին գնալ այդպիսի քայլի, որովհետև այդ քայլը ուղղված կլինի ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի դեմ:
– Վերջերս տեղեկատվություն եղավ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 միլիոն դոլար վարկի շրջանակներում Հայաստանը արդեն ստացել է սպառազինության մի մասը: Երկրորդը, Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղադրվել է «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համալիր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները:
– Ռուսաստանի ռազմական բազան այստեղ ուժեղացվում է, բերվում է նոր, ժամանակակից տեխնիկա: Դա կապված է հին ծրագրերի հետ, նաև կապված է իրավիճակի հետ տարածաշրջանում:
Ինչ վերաբերում է այն զինատեսակներին, զենքին, որ մենք պիտի ստանանք Ռուսաստանից վարկի շրջանակներում, ապա ուզում եմ բացատրել, որ մեր հանրությունը հասկանա, թե ինչու է գործընթացը ձգվում ժամանակային առումով: Այն, ինչ որ պիտի գար Հայաստան այդ վարկի շրջանակներում, պաշտպանության նախարարության տակ գտնվող զինատեսակները, դա եկել է: Կա այդ զենքերի երկրորդ մասը, որը պետք է արտադրվի գործարաններում, իսկ դրա համար կարգ կա՝ պետք է դիմես, դա պետք է պլանավորվի, որովհետև բյուջեի, պահեստամասերի խնդիր կա: Հետևաբար այդ գործընթացն է հիմա գնում և ըստ գրաֆիկների՝ այդ զինատեսակները կգան Հայաստան:







































