«ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, գուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ»,- Հանրապետական կուսակցությունից դուրս գալու իր հրաժեշտի խոսքում ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վերջինս հիմա ընդամենը շարքային քաղաքացի է, բայց կենսագրության մեջ հասցրել է գրանցել կոնյակի գործարանի բաժնի պետից մինչև վարչապետի և Ազգային ժողովի նախագահի պաշտոնները: Ընդ որում, այս դեպքում հարկ է նշել, որ նախկին վարչապետի կենսագրությունը սկսվում է 1990 թվականից, երբ նա 32 տարեկան էր: Իսկ թե մինչ այդ ուր է եղել կամ որտեղ է աշխատել, լռում է, թե և նրա կենսագիրները երբեմն հիշեցնում են ավտոտեղսպասարկման ծառայություններում ձեռք բերված փորձի մասին: Իհարկե, բոլոր աշխատանքներին էլ պետք է հարգալից վերաբերվել և պրոֆեսիոնալիզմով մոտենալ՝ սկսած ԱԺ նախագահի ու վարչապետի պաշտոններից մինչև մեքենաների յուղ փոխելու արհեստը: Բայց իր կենսագրության այդ հատվածը, Հ.Աբրահամյանը հավանաբար սև շրջան է համարում ու թաքցնում է հանրությունից:Այնուամենայնիվ, ինչու նա հեռացավ ՀՀԿ-ից և չբավարարվեց, որ այդ կուսակցության շնորհիվ տարիներ շարունակ ստանձնել է Հանրապետության երկրորդ և երրորդ պաշտոնները՝ անգամ շատ կոպիտ կերպով տրորելով իր կուսակից ընկերներին ու հատկապես կուսակցության հիմնադիրներից ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին:
Հիշեցնենք, որ 2011թ. աշնանը, երբ նա հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից՝ պաշտոնապես պատճառաբանվեց, թե 2013թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ նախընտրական շտաբի պետ է նշանակվում, և այդպես էլ եղավ: Ընտրություններից հետո նա կարողացավ նորից վերադառնալ այդ պաշտոնին, խորհրդարանում բավականին մեծ ներկայացվածություն ձեռք բերած խնամի Գագիկ Ծառուկյանի և նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շնորհիվ: Հ.Աբրահամյանն այն ժամանակ իր համար բավականին արդյունավետ դերակատարում էր հորինել՝ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին համոզել էր, որ կհամոզի Գ.Ծառուկյանին մտնել կոալիցիա, կամ առնվազն ընդդիմադիր քայլեր չանի: Բայց իրականում հակառակն էր անում: Արտաքուստ հայտարարում էր, որ պետք է բամփել Գ.Ծառուկյանին, իսկ ստվերային կերպով նրան համոզում էր պայքարել իշխանության դեմ: Եվ այդպես հասավ մինչև 2014թ.:
2013-2014թթ. նրա համար շահարկելու լավ առիթ ստեղծեց արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր կուտակային կենսաթոշակային համակարգով: Ստվերային կերպով այս նախաձեռնության դեմ արդեն Հ.Աբրահամյանը հանեց ԱԺ գրեթե կեսին՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Դաշնակցություն» և «Ժառանգություն» կուսակցություններին, ու ստացավ դեռևս լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի ժամանակներից երազած վարչապետի պաշտոնը: Այդպիսով՝ նա դարձավ Հայաստանում գրեթե երկրորդ դեմքը: Եվ սեպտեմբերին էլ, թեև նա հեռացել էր վարչապետի պաշտոնից, բայց կարելի է համարել, որ պահում էր իր այդ դեմքը, քանի որ ՀՀԿ փոխնախագահն էր, կուսակցությունում որոշակի ազդեցություն ուներ, շրջում էր, գուցե դեռևս շրջում է միգալկաներով մեքենայի ուղղեկցությամբ և ինքը համոզված էր ու շրջապատին էլ համոզում էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո կրկին վերադառնալու է, ինչպես եղավ նախորդ անգամ՝ 2012թ. գարնանը:
2014-2016թթ. ընկած տարիներին նա համոզվեց, որ վարչապետի պաշտոնն իր խելքի բանը չէ: Հատկապես, որ այն որոշակի արտաքին շփումներ է պահանջում, իսկ դա նվազագույն գիտելիքներ, կրթվածություն և գոնե ռուսերենի իմացություն է անհրաժեշտ, ինչը նրա մոտ բացակայում էր: Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնում Մոսկվայում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ նա իր խոսքերը կարդում էր: Ի դեպ, հետաքրքիր է, թե վերջերս նույն Մեդվեդևի հետ հանդիպմանը նա ինչ լեզվով է խոսել: Այնուամենայնիվ Հ.Աբրահամյանը լիահույս էր, որ այս անգամ նույնպես կստանա ՀՀԿ փոխնախագահի, ՀՀԿ շտաբի պետի պոստերը, իսկ ընտրություններից հետո արդեն՝ ԱԺ նախագահի պաշտոնը: Նա հոգու խորքում հավանաբար հասկացել էր, որ վարչապետի պաշտոնն այլևս իրեն չեն տա:
Բայց նոյեմբերի 26-ի համագումարի ժամանակ, երբ տեսավ, որ Ս.Սարգսյանն իր համար երկրորդ շարքում է տեղ նախատեսել, հասկացավ, որ իր ապագան ՀՀԿ-ում այնքան էլ խոստումնալից չէ: Մինչև ՀՀԿ-ի խորհրդի նիստը, մինչև հունվարի կեսը նա պայքարեց, որ ստանա կուսակցական այդ երկու պոստերը: Չստացավ ու հեռացավ կուսակցությունից: Ահա այսքանով Հ.Աբրահամյանի գաղափարական մոտեցումներն իր հարազատ կուսակցությանը, հայրենիքի նկատմամբ ունեցած սիրո և պետականամետության դրսևորումներն ավարտվեցին: Երբ կուսակցությունը նրան պաշտոն, իշխանություն, ազդեցություն, դիրք, միգալկաներով մեքենաներ է տալիս, նա այդ կուսակցության նվիրյալն է, բայց երբ այդ ամենը 20-22 տարի տալուց հետո, ասում է, բավարար է, վայելիր ունեցածդ՝ նրա հայրենասիրական նկրտումներն այլ դրսևորումներ են ունենում:
Ի դեպ, Հ.Աբրահամյանի հրաժեշտի տեքստում հետաքրքիր դրվագ է իրենից ավելի խելոք ու առնվազն հայրենասեր ու պետականամետ լինելու հիշատակումը: Ստացվում է՝ նոր եկողները, նաև իրեն փոխարինող Կարեն Կարապետյանը, գուցե ավելի խելոք են, քան ինքը, բայց խնդիրներ ունեն հայրենասիրության ու պետականամետության հարցում և այդտեղ արդեն իրեն չեն հասնի: Հ.Աբրահամյանը փաստացի ինքն իրեն դարձնում է ինչ-որ մի էտալոն, որով էլ պիտի չափվեն իշխանական համակարգում նոր եկողների արժանիքները, այդ թվում՝ հայրենասիրությունն ու պետականամետությունը: Հնարավոր է՝ սա է լինելու նրա ապագա դերը քաղաքականության մեջ: Եվ նա ոչ թե կատարած գործերով, ապահոված տնտեսական բարեփոխումներով է ներկայանալու հանրությանը, չէ որ խոստացել է կրկին ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, այլև՝ հայրենասիրության վերաբերյալ խոհափիլիսոփայական մտքերով:







































