Սիրիայի իշխանությունները, արտոնելով թունավոր գազի կիրառում ՄԱԿ-ի փորձագետների աշխատանքային առաջին օրը, «քաղաքական ինքնասպանություն» գործած կլինեին: Այս մասին Agence France-Presse գործակալությանը հաղորդել է Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը:
«Մի շարք մասնագետներ ընդգծում են, որ Սիրիայի շահերից չի բխում քիմիական զենքի կիրառումը երկրի տարածքում փորձագիտական հանձնաժողովի գտնվելու ներկայիս պայմաններում»,- ասել է նա:
Հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ իշխանություններին մեղադրանքներ առաջադրելով՝ ընդդիմությունը փորձում է խոչընդոտել փորձագետների աշխատանքին, խառնել խաղաքարտերը:
«Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել՝ ձգտելով վերջ դնել ահաբեկչությանը երկրում, և մենք անհրաժեշտություն չունենք դիմել քիմիական զենքի կիրառման: Ընդդիմությունն իր ստով փորձում է նվազեցնել կառավարական զորքերի հաջողությունը»,- ընդգծել է Սիրիայի ներկայացուցիչը:








































