Վերջին տարիներին Հայաստանում գյուղմթերքի տեղական մի շարք սորտեր գնալով իրենց տեղը զիջում են արտասահմանյան՝ խաչասերված սորտերին: Օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը:
«Տեղական սորտերը և հիբրիդները բավական տարբեր են: Մենք ստիպեցինք արտադրողներին չմշակել տեղական սորտեր, վերջիններս էլ սկսեցին արտադրել հիբրիդներ, որոնք նախատեսված են պահածոների համար. դրանք համային և մի շարք այլ հատկանիշներով զիջում են»,- ասաց Սարուխանյանը: Նա համոզմունք հայտնեց, որ տեղական սորտի արտադրությունը պետության համար պետք է լինի ռազմավարական ուղղություն: Մեր երկրում, ըստ նրա, այս ոլորտում տեղեկատվական առումով ևս անելիքներ կան: Ճիշտ լրատվության պարագայում մարդիկ չեն մշակի ԳՁՕ պարունակող գյուղմթերք: Սարուխանյանի փոխանցմամբ՝ ներմուծված սորտերի տուփերի վրա անգամ նշվում է նպատակը՝ պահածոյացում, սառեցում, թարմ օգտագործում, մինչդեռ մեզ մոտ տարբերակում չկա. հենց այստեղ է խնդիրը:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ սննդամթերքի անվտանգության խնդիրը սուր է ողջ աշխարհում. բոլոր քաղաքակիրթ երկրները լուրջ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ, մեր երկիրը ևս բացառություն չէ: Նա տեղեկացրեց, որ հաճախ տարբեր տեսակի սերմացուների ներմուծման մասին են խոսում, սակայն մեր երկիր սերմերի ներմուծում կատարվում է կանոնակարգված ձևով. ներմուծվում են միայն այն սորտերը, որոնք թույլատրելի են օգտագործման համար, գյուղնախարարությունը տալիս է եզրակացություն, որ դա իրոք սերմացու է:
«Տեղական սորտերի պահպանումն ու զարգացումը գյուղնախարարության առաջնահերթություններից է: Սպառողները հաճախ բողոքում են՝ ուր են մեր տեղական սորտերը: Դրսից ներմուծվածը, սակայն, ավելի բարձր է գնահատվում, քան տեղականը: Մարդիկ շոշափում են լոլիկը, ասում՝ ուր են մեր տեղական պինդ լոլիկները, մինչդեռ տեղական լոլիկը երբեք ամուր չի եղել»,- ասաց նա: Փոխնախարարը նկատեց, որ նույն այդ լոլիկը ժամանակին փոխադրում էին հատուկ տարաներով, մինչդեռ այսօր՝ ավտոմեքենայի թափքում. միևնույն է՝ չի վնասվի, հաջորդ օրերին կվաճառեն: Դրսից ներմուծված սորտերը, Պետրոսյանի խոսքերով, վնասատուների նկատմամբ ավելի դիմացկուն են, բերքատվությունը բարձր է, այդ իսկ պատճառով են գյուղացիներն այն նախընտրում:
Պետրոսյանը պաշտոնապես հայտարարեց, որ այս տարի 115 կգ տեղական սորտերի լոլիկի սերմ է վաճառվել, որոնց անվանումը, որակի վկայականը կա: «Դա կազմում է մոտ 700 հա ցանքատարածություն, եթե դա էլ 40 տոննայով բազմապատկենք, տեսեք՝ ինչ թիվ է կազմում: Շուկայում, իհարկե, նաև տեղական լոլիկ է լինում, սակայն մարդիկ դժվարանում են զանազանել և երբեմն խուսափում են գնել տեղականը»,- ասաց նա: Շուկայում առկա լոլիկի մեջ սպիտակ շերտի առկայությունն, ըստ փոխնախարարի, մտահոգվելու տեղիք չպետք է տա. դա առաջանում է կալիումի պակասի հետևանքով, ջերմաստիճանային ռեժիմի կտրուկ փոփոխությունների հետևանքով, սակայն վտանգավոր չէ առողջության համար:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































