Human Right Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը, անդրադառնալով Նարդարանի գործով 16 ձերբակալվածների դատավարությանը, Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ազատ արձակել նրանց: Այս մասին հայտնում է azadliq.info լրատվական գործակալությունը:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ այդ ձերբակալություններն արվել են քաղաքական դրդապատճառներով, և այդ անձինք շինծու մեղադրանքներով դատապարտվել են 10-20 տարվա ազատազրկման:
Հայտարարության մեջ նաև խոսվում է ձերբակալվածների հանդեպ խոշտանգումների մասին:
«Այդ մարդիկ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ենթարկվել են տարբեր ճնշումների, խոշտանգումների, ոստիկանները նրանց հանդեպ կիրառել են նաև էլեկտրաշոկ»,- նշվում է հայտարարության մեջ:
Ձերբակալվածներին միայն 8 ամիս անց է թույլատրվել օգտվել փաստաբանական ծառայությունից, ինչը նույնպես նրանց իրավունքների խախտում է համարվում:
«Ադրբեջանը ստորագրել է այնպիսի միջազգային պայմանագրեր, ինչպիսիք են ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի և Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիաները, և Ադրբեջանական կառավարությունը պարտավոր է ի կրագործել դրանք»,- ասվում է հայտարարության մեջ:
Human Right Watch-ը նաև նշել է, որ միայն 2016-ին Ադրբեջանում գործող ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցությունից տարբեր շինծու մեղադրանքներով ձերբակալվել է առնվազն 20 ակտիվիստ:
Human Right Watch-ը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ազատ արձակել Նարդարանի գործով ձերբակալվածներին, ինչպես նաև տարբեր անօրինական մեղադրանքներով ձերբակալված ակտիվիստներին, հետաքննել և բացահայտել նրանց հանդեպ իրականացված խոշտանգումներն ու ճնշումները, և պատժել մեղավորներին:
«Այս իրականությունը պատռում է Ադրբեջանի կառավարության դիմակը»,- ասվում է հայտարարության մեջ:











































