Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության վերաբերյալ Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունները դրական ազդեցություն կունենան Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի վրա: Այս մասին RIA Novosti-ին ասել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջազգային վարչության ներկայացուցիչը Ստամբուլում EMITT զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում:
«Ահաբեկչությունը մեր տարածաշրջանում, ցավոք, սնում են Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Սակայն իրավիճակի կարգավորման վերաբերյալ Աստանայում ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները մեծ հույս են տալիս, որ սիրիական ճգնաժամը կհաջողվի հաղթահարել միասնական ջանքերով, և դա հսկայական դրական ազդեցություն կունենա ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի զբոսաշրջային ոլորտի վրա: Մենք շատ ուրախ ենք, որ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը կարողացել են լավ հարթակ ստեղծել այդ խնդրի լուծման համար: Ռուսաստանը մեզ համար ռազմավարորեն կարևոր երկիր է, և մենք հուսով ենք՝ Թուրքիայի նկատմամբ ռուսները նույնպիսի վերաբերմունք ունեն»,- ասել է գործակալության զրուցակիցը:









































