Փաստաբան Հայկ Ալումյանը փաստաբանների պալատի աշխատանքը` ներկայիս նախագահ Ռուբեն Սահակյանի գործունեության օրոք, բարձր է գնահատում: Նա, սկսելով գրեթե զրոյից, կարողացավ պալատի աշխատանքը հասցնել այսօրվա մակարդակին:
«Ամեն դեպքում` չի քանդվել այն, ինչ դրական է: Պալատը, որպես կառույց, հիմա նորմալ աշխատում է: Այստեղ ես հիմա գրեթե խնդիրներ չեմ տեսնում, այլ հարց է փաստաբանների խնդիրը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալումյանը:
Նա ընդգծեց, որ կցանկանար` գործող փաստաբանների մասնագիտական որակը գնալով բարձրանա: Փաստաբանը նշեց, որ հիմա էլ բավական լավ փաստաբաններ կան, սակայն կան նաև փաստաբաններ, որոնց մասնագիտական որակը, մեղմ ասած, բավարար չէ: Այստեղ արդեն փաստաբանը տեսնում է Պալատի անելիքներն ապագայում: Հարցին, թե ինչո՞ւ չառաջադրվեց Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար, Ալումյանը պատասխանեց, որ երբեք նման մտադրություն չի ունեցել: «Եթե ինչ-որ մեկը նկարիչ է, սիրում է նկարել, և դա հաջող է ստացվում, պարտադիր չէ, որ ձգտի դառնալ նկարիչների միության նախագահ, զբաղվի նկարիչների աշխատանքի կազմակերպմամբ: Նա նկարել է սիրում: Կամ, ասենք, եթե երաժիշտը կարողանում է իրեն դրսևորել երաժշտության մեջ, պարտադիր չէ, որ հաջորդ աստիճանը լինի` դառնալ կոմպոզիտորների միության նախագահ. նա ուղղակի սիրում է երաժշտությամբ զբաղվել», – ասաց Ալումյանը: Նա մասնավորեցրեց` նույն կերպ ինքն էլ իրեն պատկերացնում է պարզապես որպես գործող փաստաբան, իսկ Փաստաբանների պալատի նախագահ դառնալու պարագայում անձը զգալի չափով պիտի զոհաբերի իր մասնագիտականը: «Ես դրան պատրաստ չեմ»,- ասաց նա:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են չորս թեկնածուներ` ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Աշոտ Թադևոսյանը և Տիգրան Աթանեսյանը: Նրանցից երեքն ինքնառաջադրվել են, իսկ Արա Զոհրաբյանի թեկնածությունը առաջադրել է ՀՀ փաստաբանների պալատի գործող նախագահ Ռուբեն Սահակյանը:
Պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվել է 2013թ. օգոստոսի 17-ից և կավարտվի 2013թ. օգոստոսի 22-ին:
Գրանցված թեկնածուները քարոզչությունը կարող են սկսել 2013թ. օգոստոսի 23-ից, որը կավարտվի 2013թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18.00-ին:
Փաստաբանների պալատի նախագաh Ռուբեն Սահակյանի որոշմամբ` 2013թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 09:00-ից, կհրավիրվի ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը` Պալատի նախագահի ընտրության համար. քվեարկությունը կսկսվի ժամը 09.00-ին և կավարտվի նույն օրը` ժամը 17.00-ին:
Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատը ստեղծվել է մինչ այդ Հայաստանում գործող փաստաբանական երեք միությունների հիմքի վրա և 2005թ. գրանցվել իրավաբանական անձանց ռեգիստրում: Այդ ժամանակվանից ի վեր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնում է փաստաբան Ռուբեն Սահակյանը, որն ընտրվել էր, ապա 4 տարի անց նաև վերընտրվել այդ պաշտոնում:











































