Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ էրդողանը մայրաքաղաք Անկարայում նախընտրական հանդիպում է ունեցել և հրապարակել է Անկարային առնչվող իր վիթխարի ծրագիրը.
«Երբ 1923 թվականին Անկարան դարձավ Թուրքիայի մայրաքաղաք, այն 40,000 բնակչությամբ անատոլիական մի գյուղաքաղաք էր: Այսօր Անկարայում բնակվում է 5 միլիոն մարդ: Անկարան Թուրքիայի սիրտն է: Մենք աշխատում ենք Անկարան միջազգային մայրաքաղաքի վերածելու նախագծի վրա: Որոշ ծրագրեր արդեն իսկ մեկնարկել ու ավարտվել են, սակայն կան նաև երկարաժամկետ ծրագրեր, որոնց ավարտը նախատեսվում է մինչև 2015 ու 2023 թվականները։
Նախ մենք Անկարան վերածելու ենք ռազմական արդյունաբերության մայրաքաղաքի: Մինչև 2013 թվականի ավարտը կսկսվի ներքին պատերազմների համար նախատեսված ATAK ուղղաթիռի արտադրությունը: Մինչև 2020 և 2022 թվականներն այստեղ կարտադրվեն նաև կործանիչներ: Անկարան կվերածվի աշխարհի ռազմական արդյունաբերության ամենակարևոր կենտրոններից մեկի: Անկարան կդառնա Թուրքիայի արբանյակային կենտրոնը, 2012 թվականին տիեզերք կարձակվի «Գյոքթուրք» արբանյակը:
Անկարայում կառուցվելու է խոշոր Արդարադատության պալատ, ինչպիսիք որ գործում են Ստամբուլի եվրոպական ու ասիական հատվածներում:
Անկարան նաև վեր է ածվելու առողջապահական կենտրոնի: Կառուցվելու են 7000 մահճակալով երկու խոշոր հիվանդանոց:
Բացի այդ, կառուցվելու է ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող 40,000-անոց նոր մարզադաշտ: Անկարան կհամալրվի կենդանաբանական այգով, Լուսնապարկով և բուսաբանական այգով:
Անկարան վերածվելու է զբոսաշրջային և տրանսպորտային կենտրոնի: Անկարայի հարավային հատվածում կառուցվելու է 500,000 հոգանոց նոր քաղաք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էրդողանը հայտարարել էր, թե մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակը) Անկարայի մետրոպոլիտենը համալրվելու է 44 կիլոմետրանոց երկաթգծով, իսկ «էսենբողա» օդանավակայանը քաղաքի կենտրոնին է կապվելու երկաթգծով:
Նա նաև նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու 100,000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքներին: Ստամբուլը տեղ է զբաղեցնելու աշխարհի 10 ֆինանսական կենտրոնների թվում: Նրա ասիական և եվրոպական հատվածներում կառուցվելու են նոր «քաղաքներ»: Բացի այդ, կառուցվելու է «Ստամբուլյան ջրանցքը», որը լցանավերին ու խոշոր առևտրանավերին կշեղի Ստամբուլի մեջտեղով անցնող Բոսֆորի նեղուցից:
Թուրքիայի երրորդ խոշոր քաղաք Իզմիրն էլ կունենա աշխարհի 10 խոշորագույն նավահանգիստներից մեկը:









































