Սփյուռքի նախարարությունում անցկացվեց կից գործող հասարակական խորհրդի 2017 թվականի անդրանիկ նիստը: Խորհրդի անդամները քննարկեցին մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ համահայկական կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի կատարման ընթացքը, իրականացված ու 2017 թվականի համար նախատեսված ծրագրերը և այլն:
«Խորհրդի նպատակը զարգացման ծրագրերն ու ուղղությունները քննարկելն է, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի և մասնակցություն ունենա այս կամ այն ծրագրի կայացմանը: Նիստի ընթացքում քննարկվելու է 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագրի հաստատման, ինչպես նաև 2017 թվականը «Արցախի տարի» հանրահռչակելու վերաբերյալ հարցերը: Օրինակ՝ թե մինչև այսօր ինչ է արվել Արցախի համար, ինչպես ենք առաջ շարժվելու, ինչպես ենք պատկերացնում հետագա աշխատանքները»,- ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ ծրագրերի իրականացման, որոշումների կայացման հարցում հաշվի է առնվում հասարակության կարծիքը:
«Հասարակական կառույցի անդամները, միանալով կառույցին, իրենց հետ բերում են հասարակության մոտեցումները, միտումները, որոնք հաշվի են առնվում ծրագրեր մշակելիս»,-եզրափակեց նախարարը:






































