Օգոստոսի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրին: Ելույթ ունեցողների զգալի մասն անդրադարձավ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի համար իրավիճակը Սիրիայում լոկ նորությունների խորագիր չէ և մեծապես մտահոգիչ է երկրում վատթարացող հումանիտար իրավիճակը և բռնությունների աճը: Դեսպան Նազարյանը դատապարտել է բնակչության հանդեպ բոլոր տեսակի հարձակումները, առևանգումներն ու ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախում են հայտնվել անմեղ քաղաքացիներ` ներառյալ երկրում ապրող փոքրամասնությունները՝ ընդգծելով այն հանգամանքը, թե ինչպես են ավիրվում ու վնասվում հայկական եկեղեցիները, և ինչպես են մեծ թվով հայեր իրենց սիրիացի համաքաղաքացիների հետ մեկտեղ Հալեպում ու Դամասկոսում ծանր իրավիճակում փորձում գոյատևել:
Դեսպանը հավելել է նաև, որ Հայաստանը շարունակում է ընդունել փախստականների՝ չնայած ավելի քան հարյուր հազար հայեր իրենց կենցաղն են շարունակում Սիրիայում օրեցօր ուժգնացող բռնությունների և հումանիտար ճգնաժամի ներքո:
«Նմանօրինակ իրավիճակների լուծման համար համոզված ենք, որ պետք է հրաժարվել միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման հարցում ընտրովի մոտեցումներից: Միջազգային հանրությունը պետք է արդյունավետորեն գործի հումանիտար իրավունքի նորմերի պահպանման հարցում և առաջարկի, որպեսզի կողմերը ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը մարդասիրական օգնության դերակատարների մուտքն ու գործունեությունն ապահովելու համար»,-նշել է դեսպան Նազարյանը:
Իր ելույթի մեկ այլ բաժնում, խոսելով առհասարակ զանգվածային սպանությունների, հանցագործությունների հարցում պատասխանատվության մասին, դեսպան Նազարյանը բարձր է գնահատել ԱԽ դերակատարումն անպատժելիության վերացման ու միջազգային հումանիտար իրավունքը կոպտորեն ոտնահարողներին պատասխանատվության ենթարկելու գործում:
Այս համատեքստում Հայաստանի ներկայացուցիչը խոսել է նաև փոխհատուցման մասին, անդրադարձել է դեռևս այս տարվա գարնանը Հայաստանի կողմից նախաձեռնված ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունած «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևին՝ կարևորելով ճշմարտության, արդարադատության ու փոխհատուցման խրախուսումը:










































