Շուրջ մեկ ամիս նստացույց անող երիտասարդները այսօր մի քանի նամակ են հանձնել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն մի շարք ոլորտներից ստացվող եկամուտների մասին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ակտիվիստները մասնավորապես հետաքրքրված են մայրաքաղաքի փողոցներում և տրանսպորտային միջոցներում փակցված գովազդից, ինչպես նաև վճարովի ավտոկանգառներից ստացվող գումարներով:
«Նպատակ ունենք սկսել մի գործընթաց, պարզել այն բոլոր ոլորտները, որտեղից քաղաքապետարանը կարող է ստանալ եկամուտներ և լցնել քաղաքային բյուջեն: Այնինչ այդ ոլորտները, ուղղակի այդ մենաշնորհները ինքը տվել է մասնավոր ընկերություններին», – նամակները հանձնելուց հետո լրագրողներին ասել է նախաձեռնության հեղինակներից Սոնյա Մսրյանը:
Ստանալով այս փաստաթղթերը` ակտիվիստները տնտեսագետների և իրավաբանների օգնությամբ վերլուծելու են դրանք՝ պարզելու, թե կան արդյոք կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, փողերի լվացում և այլն:
Այսօր հանձնած մեկ այլ դիմումով երիտասարդները հետաքրքրվում են՝ ի՞նչ միջոցներով է քաղաքապետ Տարոն Մարգարյանը բանակում ծառայող զինվորների ծնողներին բարձրակարգ ավտոբուսներով տեղափոխում հեռավոր զորամասեր՝ որդիներին տեսակցելու:
«Գործառույթը պատկանում է Պաշտպանության նախարարությանը: Նմանատիպ ակցիաներ իրականացնելու համար քաղաքապետարանը պետք է ունենա թույլտվություն կամ գոնե ֆինանսական միջոցների ավելցուկ: Իսկ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ կա քաղաքապետարանի միջոցների սղություն», – նշել է Մսրյանը:
Պայքարի առաջին ամսվա ավարտին իրավապահներն այլևս ուժեր չեն կենտրոնացնում քաղաքապետարանի առջև. չկա ոստիկանական պատնեշը, շենքի մուտքն ազատ է:
Ակտիվիստներից Կարեն Հարությունյանը կոտրված դիմապակիով իր ավտոմեքենան կայանել է այստեղ. երեկ անհայտ անձինքն այն կոտրել էին Կարենի տան բակում՝ կողքին թողնելով երկաթյա մարզաքար: Ակտիվիստն այն ևս քաղաքապետարանի մոտ է տեղադրել:










































